Պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները ճանաչել անթույլատրելի և հանել դրանք սույն քրեական գործի նյութերից։ Պաշտպանական կողմը գտնում է նաև, որ քննիչ Մուշեղյանը ենթակա է բացարկի և պետք է հեռացվի գործի վարույթից։
Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչ Մուշեղյանը խախտումներ է թույլ տվել՝ ոտնահարելով և խախտելով գործով անցնող բոլոր մեղադրյալների իրավունքները, իսկ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ թույլ է տվել մի քանի տասնյակ խախտումներ։ Խուդոյանը հիշեցրեց, որ քննիչ Մուշեղյանի որոշմամբ ապօրինի կալանք է դրվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև՝ նրա որդիներ՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքի և հաշիվների վրա։ Մուշեղյանի գործողությունների ոչ իրավաչափ լինելը և Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը 2019 թվականին ճանաչել է նաև նույն ինքը դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ի թիվս այլ խախտումների՝ փաստաբան Խուդոյանը հիշեցրեց, որ քննիչի որոշմամբ առգրավվել է Քոչարյանի անձնագիրը և հետագայում հրաժարվել է վերադարձնել, ID քարտը, «Սիստեմա» ԲՖԿ-ին վերաբերող փաստաթղթեր։
Պաշտպան Արամ Օրբելյանն ընդգծել է, որ Մուշեղյանը գործել է՝ ակնհայտ խախտելով ՀՀ օրենսդրությունը․ նրա ցանկացած գործողություն եղել է ապօրինի։ Բացի այդ, նա ունակ չի եղել օբյեկտիվորեն կազմակերպել նախաքննական որևէ գործընթանց, քանի որ ի սկզբանե կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի և գործով անցնող մյուս անձանց նկատմամբ։ Գործընկերոջ թվարկած խախտումներից բացի, Օրբելյանը հիշեցրեց նաև հայտնի գաղտնալսման ձայնագրությունները, որտեղ վարչապետը, ՀՔԾ պետը և ԱԱԾ նախկին տնօրենը քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։
Դատախազ Գևորգ Բաղդասարայանն առարկեց, նշելով, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ, դրա հիմքում դրած փաստարկները ընդունելի ու տրամաբանական չեն։ Մեղադրող կողմը խնդրեց առանց քննության թողնել այս միջնորդությունը։
Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը ոչ բավարար համարեց ներկայացված տվյալները և մերժեց պաշտպանների միջնորդությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը