15 09 2020

Ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ քրգործի նախաքննությունը․ ԱԱԾ

Ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ քրգործի նախաքննությունը․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, 2019-2020 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց  հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում եւ հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված եւ վճարված աշխատավարձերի փաստաթղթեր, միանվագ պարգեւատրման մասին հրամաններ: Այնուհետեւ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է  վճարման, որի արդյունքում պետական բյուջեից, չաշխատած օրերի դիմաց, վերջիններիս անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ: Ավելին՝ Գ. Ժ.-ի եւ Վ.Վ.-ի աշխատավարձի վճարման բանկային քարտերը փաստացի գտնվել են աշխատակազմի ղեկավարի տրամադրության տակ եւ նա վերջիններիս անվամբ փոխանցված ընդհանուր՝ 3.638.425 դրամը, անձամբ, տարբեր բանկոմատներից կանխիկացրել եւ ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ մնացած՝ 3.710.151 դրամ գումարը տնօրինվել է Կ. Գ.-ի, Ե. Մ.-ի եւ Ա. Կ.-ի կողմից։

Նկարագրված արարքը կատարելու համար 2020 թվականի հուլիսի 29-ին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչել լիովին եւ տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաեւ պետությանը պատճառված վնասը:

Միեւնույն ժամանակ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի  համաձայնության առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմում նույնաբնույթ խախտումները վերացնելու, դրանց պատճառները պարզելու եւ խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ