05 09 2020

Պետությունն ինքը պետք է ապահովի դատարանների անկախության երաշխիքները. Ելիզավետա Դանիելյան

Պետությունն ինքը պետք է ապահովի դատարանների անկախության երաշխիքները. Ելիզավետա Դանիելյան

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման, դատական համակարգի խնդիրների, բարեփոխումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելիզավետա Դանիելյանը։

- Տիկին Դանիելյան, ինչպե՞ս կբնորոշեք դատական համակարգում առկա իրավիճակը։ Դատական համակարգի առջև ի՞նչ խնդիրներ են ծառացել։

- Շնորհակալություն եմ հայտնում դատավորներիս կարծիքները լսելի դարձնելու համար։ Դատական համակարգում առկա իրավիճակը գնահատում եմ որպես գերծանրաբեռնված և լարված ։ Անհնար է պատկերացնել համակարգի անթերի և անխափան գործունեությունը, եթե դատավորի վարույթում առկա է հազարից ավել քաղաքացիական գործեր, հարյուրավոր քրեական գործեր, անթիվ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողության անհրաժեշտություն,երբ դատավորի աշխատակազմը բաղկացած է մեկական օգնականից և գործավարից, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների օգնականները իրենց բարդ աշխատանքի՝ նախադեպային որոշումների նախագծերի պատրաստման հետ իրականացնում են նաև գործավարական գործառույթներ։ Դատական համակարգի առջև ծառացած խնդիրները մշտապես նույնն են ՝ արդարադատության իրականացում ողջամիտ ժամկետներում։ Այլ հարց է, որ ներկայումս ներպետական իրավունքի զարգացումը շատ արագ է կատարվում, և միաժամանակ մենք պետք է հետևողականորեն իրացնենք միջազգային իրավունքի ոլորտում ձևավորվող պրակտիկան, ինչը բավականին բարդ է կատարել գործերի օրեցօր աճման պայմաններում՝ առկա մարդկային և նյութական ռեսուրսներով։

-Ձեր կարծիքով՝ ինչ հեղինակություն ունի այսօր դատական համակարգը։ Համաձա՞յն եք, որ հանրությունը չի վստահում դատական իշխանությանը։

- Իմ կարծիքով, դատական համակարգի հեղինակությունը և վստահությունը որոշվում են ոչ թե խոսքի ազատությունից անարգել օգտվող քննադատների ելույթներով, որոնք, ցավոք, շատ հաճախ անպատասխան են մնում մեր կողմից, այլ դատական պաշտպանության դիմող անձանց քանակով։ Կատարյալ հանրային վստահություն չի կարող լինել ոչ մի ոլորտում, ուր մնաց թե արդարադատության բնագավառում, քանի որ այստեղ ամեն օր կայացվում են դատական ակտեր, որոնք ինքնին վեճի առարկա են հակառակ շահեր ունեցող կողմերի համար։ Օրինակ, եթե հետևենք ֆեյսբուքյան էջի մեկօրյա հրապարակումներին, ապա ականատես կլինենք թե ինչպես որևէ վճիռ կայացրած դատավորը գովեստի է արժանանում հաղթող կողմի փաստաբանի մեկնաբանություններում, և միաժամանակ ինչպես է նույն անձը քննադատվում պարտվող կողմի ներկայացուցչի կողմից։ Ասածս այն է, որ հանրային վստահություն հասկացությունը դատական իշխանությունում հարաբերական հասկացություն է, դա պետք է գնահատել ոչ թե գործերի ելքով շահագրգռված անձանց և նրանց ներկայացուցիչների հաճախ անհիմն քննադատություններով, այլ նայելով անկողմնակալ դիտորդի աչքերով, իսկ այդ առումով, կարծում եմ, մեր համակարգը վերջին տարիների ընթացքում մեծ առաջընթաց է ապրել։

-Հանրային կարծիքն ուսումնասիրելու համար հետազոտություններ արվել են և արդյո՞ք դրանց հիման վրա երբևէ քննարկվել է դատական համակարգը հիմնովին փոխելու հարցը։

- Դատական բարեփոխումների ծրագրերը հաջորդում են միմյանց, և ինչպես հայտնի է, ներկայումս էլ ընթանում են այդ պրոցեսները, դատական համակարգի բարեփոխման հայեցակարգն թեև ընդունված է և սկսվել են հանրային քննարկումները, սակայն այն պաշտոնապես հրապարակված չէ, ինչը խոչընդոտում է ոչ միայն Ձեր հարցին պատասխանելուն, այլ ընդհանրապես կարծիք ձևավորելուն։

-Տիկին Դանիելյան, քննարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման և Գերագույն դատարան ստեղծելու հարցը։ Ձեր գնահատմամբ՝ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա՞։

- Փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ առկա են տարբեր կարծիքներ, որոնցից բոլորն էլ ունեն իրենց հիմնավորումները, սակայն անձնական գնահատական տալուց ձեռնպահ կմնամ, քանի որ ներկա պահին հանդիսանում եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ուստի այդ փոփոխությունները կարող են վերաբերել նաև մեզ։

-Ունեք դատական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձառություն, խնդրում ենք նշել դատարանների միավորման դրական և բացասական կողմերը։ Այսօր գնում ենք դատարանների մասնագիտացման ճանապարհով՝ անվճարունակության, վարչական գործերով դատարաններ կան, անգամ ընդհանուր իրավասության դատարաններում կան տարանջատումներ՝ քաղաքացիական և քրեական գործերի, իսկ այսօր նաև ստեղծվում է Հակակոռուպցիոն դատարան։ Սահմանադրական արդարադատությունը մեզանում այդքան անկարևո՞ր է, որ փորձում ենք տարալուծել։


-Տասնյակ տարիներ շարունակվող դատական բարեփոխումների ընթացքում ականատես եղանք դատարանների հետ կատարված տարբեր երևույթների ՝ մասնագիտացումների, նոր դատարանների ստեղծմանը և վերացմանը, որոշ գործառույթների վերաբաշխմանը, օրինակ լրիվ և մասնակի վերաքննության մոդելների կիրառմանը։ Կյանքն ու փորձը ցույց են տալիս, որ ամեն դեպքում ստորադաս դատական ատյաններում մասնագիտացումը խիստ դրական է անդրադառնում արդարադատության որակի վրա։ Այլ հարց է, թե որքան մեծ կլինի պետության բեռը նոր դատարանների ստեղծման, դրանց ֆինանսավորման առումով։ Ինչ վերաբերում է որևէ ոլորտի կարևորությանը, կարծում եմ, որ Գերագույն դատարանի ստեղծմամբ ոչ թե անկարևոր կդառնա Սահմանադրական արդարադատությունը, այլ այն նոր շունչ կստանա։ Ինչպես նաև կփոխվի և բարձրագույն դատական ատյանի դերը, նշանակությունը և լիազորությունները։ Եվ դարձյալ, այս պահին չեմ կարող ավելի մանրամասն կարծիք հայտնել ՝ ինչպես հայեցակարգն ուսումնասիրված չլինելու, այնպես էլ այդ փոփոխությունների հետևանքով մեր հնարավոր առնչության առումով։

-Որպես Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հաճախ եք բողոքներ ստանում առաջին երկու ատյանների դատական ակտերի դեմ։ Դուք ավելի լավ ծանոթ եք դատավորների որակին։ Չցանկանալով ամենևին էլ վիրավորել որևէ մեկին՝ այդուհանդերձ խնդրում ենք Ձեր կարծիքը, այսօրվա բոլոր դատավորներն, իրենց մասնագիտացումները հաշվի առնելով, կարո՞ղ են Սահմանադրություն մեկնաբանել և սահմանադրականության հարց պարզել։

- Կարծում եմ, որ հիմա էլ գործող օրենսդրությամբ դատավորները իրենց վարույթում քննվող գործերով պարտավոր են մեկնաբանել Սահմանադրության դրույթները և դա հաջողությամբ կատարում են։ Իհարկե, հնարավոր են նաև սխալներ, սակայն այդպիսիք բողոքարկվելու դեպքում ուղղվում են վերադաս ատյանների կողմից։

Ինչ վերաբերում է սահմանադրականության հարցը պարզելուն, ապա դա կկատարվի հատուկ մասնագիտացում ունեցող դատավորների կողմից, և չեմ կարծում, որ այստեղ կարևորն այն է, որ նրանք անպայման հանդիսանան Սահմանադրական դատարանի դատավորներ։ Ինչու՞ դա չեն կարող կատարել Գերագույն դատարանում աշխատող համապատասխան դատավորները։ Խնդիրը մոտեցման մեջ է ։

-Տարիների ընթացքում որոշակի շահերի բախում եղել է Վճռաբեկ դատարանի և ՍԴ-ի միջև։ Ի՞նչ եք կարծում՝ այսօրինակ բախումներն օգնում, թե խանգարում են աշխատանքում։ Արդյո՞ք նման «բախումներն» ընդհանրապես չեն նպաստում փոխզսպումներին։

- Ինչպես կարող է շահերի բախումներ լինել երկու բարձրագույն դատական ատյանների միջև, որոնցից յուրաքանչյուրը իր հատուկ գործառույթն է իրականացնում։ Դատարանները ինչ է տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք արտադրական մրցակցություն ունեն միմյանց հետ, իհարկե, ոչ։ Խնդիրները առաջանում են միայն իրավական հարթությունում՝ երբեմն օրենքների և իրավունքի տարընկալման և համապատասխան մեկնաբանման արդյունքում, ինչը բացառապես դրական է ազդում անձանց իրավունքների պաշտպանության առումով։


- Յուրաքանչյուր իշխանություն, ավելին՝ յուրաքանչյուր նախարար դատարանների կառուցվածքի փոփոխության հարց է բարձրացնում։ Արդյո՞ք այսպես կարելի է հասնել դատարանի հեղինակության բարձրացման։ Ձեր կարծիքով՝ ինչ փոփոխությունների կարիք ունի դատական համակարգը։

- Կարևոր է, թե յուրաքանչյուր նախաձեռնած փոփոխություն ինչ նպատակ ունի։ Բոլոր փոփոխությունների հեղինակներն էլ առերևույթ պնդում են, թե դրանք կատարվում են դատարանների հեղինակությունը բարձրացնելու համար։ Կարծում եմ, որ ցանկացած բարեփոխում պետք է ունենա կառուցողական ուղղվածություն, յուրաքանչյուր նոր ստեղծվող օղակ պետք է նպաստի արդարադատության ավելի արագ և թափանցիկ իրականացմանը, այլ ոչ թե այս կամ այն պաշտոնյայի լիազորությունները պահպանելու կամ դադարեցնելու հարցին։ Դատավորներից անկախություն և անաչառություն պահանջելով, պետությունը և հասարակությունը իրենց հերթին պետք է ապահովեն դրանց երաշխիքները ՝ բարձ աշխատավարձ, ակնկալվող կայուն կենսաթոշակ, սոցիալական և քաղաքական երաշխիքներ։

Ավելին՝ Փաստինֆո-ում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ