Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆուտբոլիստ եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի եւ միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին եւ առհասարակ հայկական ֆուտբոլին` կանգ կառնեին։
Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված եւ թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ:
Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:
Հ.Գ. Զորակցության խոսքերի համար Մալաքյաններն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց խաղի եւ ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին, հարյուրավոր խաղընկերներին, մարզիչներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը