«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը քաղաքական հետապնդման առկայության մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ս/թ օգոստոսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր, ուր մասնավորապես ասված էր.
«Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 205-րդ հոդվածի` վարույթիս թիվ 6910117 քրեական գործով, Դուք 24.08.2020թ. ժամը 11:00-ին հրավիրվում եք հարցաքննության որպես վկա ՀՀ քնչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն` ՀԿԳ քննիչ Գ. Մկրտչյանի մոտ»:
Եվ ահա, երբ որպես օրինավոր քաղաքացի ներկայացա հարցաքննության, արդարացան իմ ամենահոռետեսական սպասումները: Պարզվեց, որ Քննչական կոմիտեի համար «հատուկ կարևորության գործ» է դառել «Իրավունքի»` 2017թ. մարտին (այսինքն գրեթե 3,5 տարի առաջ) հրապարակած «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» հոդվածը (տե՛ս https://iravunk.com/news/25716):
Այն ժամանակ Իոանիսյանը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե` պահանջելով քրգործ հարուցել «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքի հրապարակման» համար: Չնայած ի՞նչ «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք» կարող է լիներ այն, որ տնեցիներով իրար դեմ դիմումներ էին գրում ոստիկանություն, այսինքն` խոսքը ոչ թե ներընտանեկան, այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ հետ հարաբերությունների մասին էր… Բացի այդ, հանրահայտ դեմքերի պարագայում (իսկ դեռ այն ժամանակ Դանիել Իոնանիսյանն արդեն հանրահայտ էր), անգամ եթե այդպիսի տեղեկությունները համարվեն «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք», դրանց հրապարակումը մամուլում համաձայն գործող օրենսդրության բխում է գերակա հանրային շահից, հետևաբար չի կարող հանցակազմ պարունակել և սոսկ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված մամուլի ազատության հիմնական սկզբունքի իրացումն է:
Այն ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեն, այդ ամենում չտեսնելով քրեական որևէ բան, վարույթը կասեցրել էր:
Հիմա էլ է այդ գործը կասեցված կարգավիճակում է, սակայն Դանիել Իոանիսյանն արդեն 2018-ին պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը հանցավոր ճանապարհով զավթած խունտայի ազդեցիկ դեմք է (Հանրային խորհրդի անդամ), և տարբեր իրավասու մարմիններ դիմելով, ջանքեր է գործադրում գործը վերաբացելու և հասնելու իր քմահաճույքի կատարմանը` տողերիս հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու:
Ավաղ, հենց առաջին իսկ հարցաքննությունն ինձ հիմքեր տվեց եզրակացնելու, որ ՀՀ Քննչական կոմիտեն նրան օժանդակում է այդ հարցում, ըստ էության պատվեր ընդունելով գործող ապօրինի իշխանությունից տողերիս հեղինակին քաղաքական հետապնդման ենթարկելու և փաստացի խոչընդոտելու առաջատար ընդդիմադիր ԶԼՄ-ի` «Իրավունք» թերթի և իրավունկ.ցոմ կայքի բնականոն, ազատ և անկաշկանդ գործունեությանը:
Այդպիսի եզրակացության համար հիմք են հետևյալ իրողությունները.
1. ԿԱՍԵՑՎԱԾ և իր էությամբ սնանկ գործով առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավարին հարցաքննում են:
2. ԿԱՍԵՑՎԱԾ գործով ՀՀ Քննչական կոմիտեն իրականացնում է նաև այնպիսի գործողություններ, որոնք կարող են պատշաճ համարվել ծանր հանցագործությունների «կենդանի» քննության դեպքում:
3. Այդ ԿԱՍԵՑՎԱԾ գործով քննչական ակտիվ գործողություններն իրականացվում են այն դեպքում, երբ միայն Իոաննիսյանի և իշխող վարչախմբի ուղեղում գոյություն ունեցող հնարովի «հանցակազմի» վաղեմության ժամկետն անցել է:
Ուստի, ինձ համար ակնհայտ է քաղաքական հետապնդման համգամանքը, և առաջարկում եմ եմ ՀՀ Քննչական կոմիտեին դադարեցնել իրավական պետությանն անհարիր այդ գործողությունները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
28.08.2020 թ., ք.Երևան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը