22 08 2020

Դեմ եմ քվեարկել դատական ատյանները միավորելու հայեցակարգին. Անահիտ Մանասյան

Դեմ եմ քվեարկել դատական ատյանները միավորելու հայեցակարգին. Անահիտ Մանասյան

Բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգն ընդունվել է մեկ ձայնի տարբերությամբ։ Այդ մասին հայտնել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ ինքը եւս դեմ է քվեարկել։

«Այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Արժևորելով հեղինակների կողմից ներկայացված առաջարկը՝ դեմ եմ քվեարկել վերջինիս՝ հետևյալ պատճառաբանությամբ. Կարծում եմ, որ ցանկացած ֆունդամենտալ փոփոխության պատշաճ իրացում ենթադրում է լուրջ մարդկային, մասնագիտական, նյութական և այլ ռեսուրսի ներգրավում ու կենտրոնացում:

Ավելին, ֆունդամենտալ փոփոխությունը նաև հոգեբանական հենք է ենթադրում: Այդ է պատճառը, որ նման փոփոխությունը կարող է հաջողել սոսկ մի դեպքում՝ եթե վերջինիս հիմքում ընկած են արժանահավատության լրջագույն աստիճան ունեցող, կոնկրետ, հստակ և ամբողջական հիմնավորումներ և դրանց վրա հիմնված՝ տեսանելի սահմանադրական անհրաժեշտություն: Ավելին, ֆունդամենտալ փոփոխության առնչությամբ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի առկա խնդիրների, առաջարկվող լուծումների և հնարավոր ռիսկերի գնահատման ու դրանց միջև պատշաճ հավասարակշռություն գտնելու հանգամանքի վրա: Ներկայացված հիմնավորումները ինձ մոտ չեն ձևավորել այն մասնագիտական տպավորությունը, որ առկա է նշված հիմնարար փոփոխությունն իրականացնելու սահմանադրական անհրաժեշտություն՝ հիմնված վերոգրյալ չափանիշների վրա:

Ակնհայտ է, որ Հայաստանի արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության համակարգը ունի զարգացման և կատարելագործման անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, հարցադրմանը մասնագիտական տեսանկյունից մոտենալու պարագայում դա հնարավոր է իրականացնել նաև սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում։ Մնացյալ մասնագիտական հիմնավորումները կներկայացնեմ սահմանված ընթացակարգի շրջանակներում»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ