06 08 2020

Միայն դիմակի համար արտակարգ դրության առկայությունը հիմնավորված չէ. Վարդևանյան․ Tert.am

Միայն դիմակի համար արտակարգ դրության առկայությունը հիմնավորված չէ. Վարդևանյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Վերջին շրջանում  կորոնավիրուսային վարակի դեպքերի որոշակի նվազում  է նկատվում՝ սրճարանները և հանրային սննդի օբյեկտները գործում են, տեղաշարժի սահմանափակումներ չկան, միակ պահանջը դիմակի պարտադիր կրումն է, այն էլ կարող է լինել առանց արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման: Եվ միայն դրա համար արտակարգ դրության իրավական ռեժիմի առկայությունը բնավ անհրաժեշտ չէ, հետևաբար ես չեմ տեսնում նաև հիմնավորումը. Tert. am –ի հետ զրույցում նշեց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով երեկ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվի ևս մեկ ամսով:

 

«Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը իրենից ենթադրում է իրավունքների սահմանափակման ռեժիմ, այդպես է ամբողջ աշխարհում, միջազգային  փորձն էլ դա է վկայում: Պետք է լինի այնպիսի ծայրահեղ  ճգնաժամային իրավիճակ, որ դրա լուծման նպատակով այլոց իրավունքների սահմանափակումը արդարացվի:

Այսինքն՝ երբ մի նժարի վրա դրվում է այդ իրավաչափ նպատակը, մյուս նժարի վրա իրավունքները, նախապատվությունը տրվում է իրավաչափ նպատակին: Սակայն ես չեմ տեսնում, որ հինգերորդ անգամ արտակարգ դրության երկարաձգումը իր մեջ պարունակի այդ իրավաչափ նպատակը»,-նշեց նա:

Վարդևանյանի խոսքով՝ օրենքի տրամաբանությունից ելնելով՝ վարակի աճի դեպքում արտակարգ դրությունը երկարաձգելու իրավունք կա, սակայն իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ ամեն մի երկարաձգում  լինի ավելի հիմնավոր, քան նախորդողը: Եվ եթե հիմքերը  հիմնավոր են լինում, արտակարգ դրության ժամկետում վերին շեմ չկա.

«Չեմ կարողանում մտաբերել միջազգային փորձում մի իրավիճակ, որ 5 անգամ արտակարգ դրության երկարաձգումը լիներ, չէ որ կորոնավիրուսի վարակը միայն Հայաստանում չէ, այն ամբողջ աշխարհում է: Ես նկատել եմ, որ այլ երկրներում արդեն մի քանի ամիս է, ինչ արտակարգ դրության ռեժիմը չկա, եվրոպական շատ երկրներում ֆուտբոլի խաղերն են նույնիսկ կայանում: Ուզում եմ նորից ընդգծել, որ հիմնավորումները պետք է լինեն ավելի հիմնավոր, քան նախորդը: Առաջին անգամ, երբ սահմանվում էր արտակարգ դրության ռեժիմը,  վարակի դեպքերը սպառնալիք էին մարդկանց կյանքի և առողջության համար, հիմա հասկանալի է՝ այդ ժամանակ պետությունը ինչի համար էր նախատեսում արտակարգ դրություն, որպեսզի այնպիսի միջոցառումներ ձեռնարկի, որ վարակի տարածումը կանխի:

Երկրորդ անգամ երկարաձգումը հասկանալի է՝ նպատակը որոշված միջոցառումների շարունակականությունն էր, երրորդը՝  դիտարկենք, ավարտին հասցնելու համար էր, բա չորրորդի և հինգերորդի հիմնավորումը ո՞րն է: Պետք է նշել, որՀայաստանի Հանրապետությունը եվրոպական խորհրդի անդամ պետություն է և արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո Եվրոպայի խորհրդից  պետք է մոնիտորինգ իրականացվի, թե ինչո՞վ էր պայմանավորված նման երկար արտակարգ դրությունը»,-նշեց Արամ Վարդևանյանը:

Փաստաբանը նշում է, որ եթե մենք մշտապես նայենք ցուցանիշներին և արտակարգ դրության ռեժիմը պայմանավորենք դրանով, ուրեմն ոչ մի երկիր չպիտի հրաժարվի արտակարգ դրության ռեժիմից:

 «Այլ երկրներում ևս կան վարակի դեպքեր, այլ հարց է՝ արդյոք դրա  դեմ պայքարի մեթոդը պետք է լինի արտակարգ դրության նման ծայրահեղ սահմանափակման մեջ, թե կարելի է նաև այլ միջոցներով: Երբ, օրինակ, տեղաշարժի սահմանափակում կա և հանրային սննդի օբյեկտները փակ են՝ սա դասական իմաստով արտակարգ դրության իրավիճակ է, բայց երբ այդ սահմանափակումներից ոչ մեկը չկա, արդեն այս պարագայում, պետք է դրա դեմ պայքարել ավելի ցածր սահմանափակման ռեժիմով:

Եվ դրա համար կարելի է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և ստեղծել դրա համար օրենսդրական  հիմքեր, որ այս փուլում որևէ գերակա արժեք հնարավոր չի լինի ապահովվել, առանց արտակարգ դրության և այս բանաձևը պետք է հիմնավորեն արտակարգ դրության հեղինակները՝ Կառավարությունը,  թե   ինչն է, որ հնարավոր չէ ապահովվել առանց արտակարգ դրության»,-ընդգծեց սահմանադրագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ