ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:
Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0,24 հա մակերեսով հողատարածքը վարձակալության է հանձնել հորը, որը հետագայում նույն հողամասը, կնքված պայմանագրով, ամսեկան 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, վերավարձակալության է տվել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը: Արդյունքում, մինչեւ 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 14. 000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել Ջրաշեն համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին՝ համայնքին զրկելով նշված հողամասի օգտագործման դիմաց եկամուտ ստանալու հնարավորությունից։
Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ նույն համայնքի ղեկավարը մեկ այլ պայմանագիր էլ՝ հողամասի առուվաճառքի վերաբերյալ, կնքել է որդու հետ, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն ու վերջինիս միջոցով, նշված հողամասը, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, վարձակալության է հանձնել հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության, որի արդյունքում, մինչեւ 2020թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հողամասի օգտագործման դիմաց, նախնական տվյալներով, ստացել է ընդհանուր 18.000.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը