05 08 2020

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Վայքի ոստիկանություն

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Վայքի ոստիկանություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ:
Բացի դրանից, ըստ Ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝ խուլիգանության կասկածանքով:

Բաժնում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել այդ պահին բաժնում գտնվող անձանց, այդ թվում՝ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներ Վահագն Վարագյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, ուսումնասիրել նրանց վերաբերող փաստաթղթերը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանը ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ