Տիկին Պետրոսյան, օրերս NEWS.am- ում հրապարակվեց տեղեկատվություն, որ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Ձեզ հետ է կանչել արձակուրդից: Ստացել ե՞ք արդյոք համապատասխան կարգադրությունը:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը օրերս անձնական հաղորդագրություն էր ուղարկել, գրելով ընդամենը, որ եղել է ինձ արձակուրդից հետ կանչելու կարգադրություն: Անգամ դրան ծանոթանալով, հենց առաջիկա աշխատանքային օրը` հուլիսի 27-ին, գրություն եմ ուղարկել պարոն Խաչատրյանին, որով, ի թիվս այլնի, փորձել եմ ճշտել, թե համապատասխանո՞ւմ է հիշյալ տեղեկությունն իրականությանը, եթե այո, ապա իրազեկել եմ, որ արձակուրդի իրավունքի իրացման շրջանակում վերականգնում եմ առողջությունս, և, որ այն դեռ առնվազն երկու շաբաթ պետք է ընթանա:
Ինչո՞ւ եմ նշվածը կատարել գրությամբ, քանի որ տեղեկացել էի նաև, որ արձակուրդից հետ կանչելու կարգադրությունն ինձ փոխանցում են փոստով: Նման պահանջ չի դրվել: Որոշվել է պաշտոնական ընթացակարգով, խնդրեմ: Երևի ցանկացել են ապահովել պատշաճ ծանուցում, որն իրավունքների պաշտպանության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է: Իհարկե, այդ դեպքում նաև կարևոր և անհրաժեշտ պայման է այն, որ պետք է առկա լինի այդ ծանուցումը փաստացի ստանալու հավաստումը: Ի դեպ, հիշյալն ամրագրված է նաև Սահմանադրական դատարանի որոշումներով, այդ թվում` վերջերս ընդունված ՍԴՈ-1529 որոշմամբ, որով զեկուցող դատավորը հենց պարոն Խաչատրյանն էր:
Առ այսօր փոստով կամ որևէ այլ եղանակով չեմ ստացել ինձ ամենամյա արձակուրդից հետ կանչելու կարգադրություն:
Սահմանադրական դատարանի դատավորը չպետք է իրեն արձակուրդից հետո կանչելու կարգադրության մասին տեղեկանա աշխատակիցների անձնական հաղորդագրություններով կամ մամուլից, այն էլ ոչ լիարժեք: Ե՞րբ է պարոն Խաչատրյանն ստորագրել այդ կարգադրությունը, ի՞նչ պատճառաբանությամբ, ի՞նչ ժամկետից սկսած և ի՞նչ ժամկետով է հետ կանչել արձակուրդից: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունեմ:
Պարոն Թովմասյանին ևս Աշոտ Խաչատրյանը հետ է կանչել արձակուրդից: Դեռ չենք կապվել պարոն Թովմասյանի հետ: Տեղյակ ե՞ք արդյոք՝ նա ստացե՞լ է համապատասխան կարգադրություն: Անհրաժեշտությո՞ւն էր արդյոք երկու դատավորին միաժամանակ արձակուրդից հետ կանչելը:
Նախորդ շաբաթվա վերջին եմ զրուցել պարոն Թովմասյանի հետ: Այդ պահի դրությամբ նա ևս չէր ստացել:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի երկու դատավորին միաժամանակ արձակուրդից հետ կանչելուն, ապա նշեմ, որ այո այդ հարցադրումը կա, սակայն, չեմ կարող պատասխանել պարոն Խաչատրյանի փոխարեն: Նշեմ միայն, որ ընթացիկ գործերով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու, Սահմանադրական դատարանի նիստերի իրավազոր լինելու համար բավարար է Սահմանադրական դատարանի հինգ դատավորի ներկայությունը, այսինքն եղած տեղեկատվության պարագայում կարող եմ ասել, որ երկրորդ դատավորին արձակուրդից կանչելու անհրաժեշտություն չկար, սակայն կրկնում եմ՝ պարոն Խաչատրյանը պետք է այդ հարցի պատասխանի։
Մինչ այս դեպքը գործնականում ի՞նչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորին հետ կանչել արձակուրդից:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում թե պարոն Հարությունյանը, և թե պարոն Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավորին ամենամյա արձակուրդից հետ են կանչել, այսպես կոչված գործընկերային փոխհարաբերությունների շրջանակներում, նախ` նախապես զրուցել են Սահմանադրական դատարանի դատավորի հետ, տեղեկացրել են արձակուրդից հետ կանչելու անհրաժեշտության և ժամկետների մասին, սակայն նաև ճշտել են գործնականում ինչ խնդիրներ կարող են լինել դատավորի արձակուրդից հետ կանչելու դեպքում, քանի որ դատավորը կարող է բացակայել, այդ թվում` երկրից, ունենա առողջական խնդիրներ, այլ հարգելի պատճառներ, դրանք պարզելուց հետո միայն, եթե առկա չեն նման խնդիրներ, ստորագրել են համապատասխան կարգադրությունը և ապահովել դրա տրամադրումը, որը եղել է աշխատանքային կարգով և դատավորն այն ստացել է: Այդ դեպքում արդեն անգամ խնդիր չի եղել փաստացի կարգադրությունը երբ է ստացվել: Հիմա էլ նման ընթացակարգը խնդիր հարուցել չի կարող:
Այսինքն, պարոն Խաչատրյանը, որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող, նախընտրում է աշխատել վարչահրամայական մեթոդներով: Դա անփորձության արդյունք է, թե՞ կարող են լինել այլ պատճառներ, որոնք միտված են արհեստական խնդիրներ ստեղծելուն:
Վարչահրամայական մեթոդների գործելաոճ Սահմանադրական դատարանում չի եղել և չի կարող լինել:
Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամանակավորապես կատարումը պարոն Խաչատրյանի առաջին փորձն է: Կարծում եմ որևէ խնդիր չի հարուցում Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման փորձ ունեցող իր գործընկերների հետ խորհրդակցելը:
Ինչ վերաբերում է արհեստական խնդիրներ ստեղծելուն միտված պատճառներին, ապա դրանց տեղյակ չեմ: Դա կլինի ցավալի արձանագրում:
Առկա են Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր, որոնք աշխատանքի վերադառնալուց հետո, անշուշտ, կդարձվեն քննարկման առարկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը