Tert.am-ը գրում է․ «Մասնագիտացված դատարան ստեղծելու մոդելը ընդհանուր առմամբ տրամաբանական է: Բայց այս պարագայում պետք է զուգահեռ քննարկվի մասնագիտացված քրեական և քաղաքացիական, ընտրական և ընտանեկան վեճերի վերաբերյալ դատարաններ ստեղծելու հարցը, մենք նման կոնցեպտ դատական համակարգում չենք որդեգրել. Tert am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նշենք, որ այսօր Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:
Փաստաբանի կարծիքով՝ մասնագիտացված դատարանի առանձնացումը շատ նեղ տրամաբանության մեջ է գտնվում և այս պայմաններում ստեղծել հակակոռուպցիոն դատարան, դրա իրավաչափ նպատակը և անհրաժեշտությունը չկա: Հատկապես երբ ունենք քրեական գործերով մասնագիտացված կոմպետենտ դատավորներ.
«Ենթադրենք՝ մի քրեական գործ է, որտեղ միաժամանակ երկու արարք է մեղսագրվում, մեկը կոռուպցիոն, իսկ մյուսը՝ ոչ կոռուպցիոն բնույթի, այս ժամանակ ինչպե՞ս պետք է քննվեն այդ քրեական գործերը, արդյոք սա ինքնին դժվարություն և շփոթ չի առաջացնելու դատական համակարգում:
Հայաստանում ժամանակին ստեղծվել են մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարաններ, որը շատ կարճ է տևել, քանի որ դիտարկվեց որպես ոչ արդյունավետ մոդել Հայաստանի Հանրապետության պարագայում»,-մեկնաբանեց փաստաբանը:
Արամ Վարդևանյանը նշում է, որ մեզ մոտ խնդիրը ոչ թե մասնագիտացված դատարաններ ունենալն է, այլ առհասարակ դատավորների թվաքանակն է: Այդ պատճառով առաջնահերթությունը պետք է լինի նախևառաջ դատավորների թվաքանակի և աշխատավարձերի բարձրացումը, որից հետո եթե ռիսկեր հայտնաբերվեն՝ կոռուպցիոն գործերը քննելու մասով, նոր քննարկվի մասնագիտացված դատարան ստեղծելու հարցը:
Արամ Վարդևանյանն ընդգծում է, որ նախագծով հնարավոր է առաջանա որոշակի իրավական անվտանգային խնդիր և մինչ այս դատարանում քննված բոլոր կոռուպցիոն գործերը համարվեն, որ սխալ են քննվել և պետք է հետագայում քննվեն մասնագիտացված դատարանի կողմից.
«Մենք ի՞նչ տրամաբանությամբ ենք մոտենում, որ ներկայումս կոռուպցիոն բնույթի գործերը դատարանները պատշաճ չե՞ն քննում, եթե այդպես է, ուրեմն ունենալու ենք իրավական անվտանգության խնդիր: Նույն հաջողությամբ կարող են արդյոք օրինական ուժի մեջ մտած դատաճիռներով դատապարտված կոռուպցիոն բնույթի հանցագործության համար ասենք պնդում ներկայացնեն, որ իրենց գործերն էլ պետք է քննվեին մասնագիտացված դատարանի կողմից: Չէ որ սա իր մեջ նման ռիսկ կարող է պարունակել»,-ընգծեց նա:
Արամ Վարդևանյանը նշում է, որ նախագիծը պետք է լուրջ հիմնավորվի և բովանդակությունը հանրությանը ընկալելի ձևով ներկայացվի, որովհետև այն իրենից ենթադրում է բյուջետային հավելյալ միջոցների ներգրավվում, ինչպես նաև պետք է պատշաճ քննարկում իրականացվի, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, փաստաբանների, իրավապաշտպանների, ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ, ինչը, նրա խոսքվ, դեռևս տեղի չի ունեցել:
Նշենք, որ ըստ նախագծով առաջարկվող փոփոխությունների Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով:
«Հիմա վճռաբեկ դատարանը 6 դատավորի թվակազմի պայմաններում գերծանրաբեռնված պայմաններում է գործում և երկու դատավորի ավելացումն այդ խնդիրը չի լուծի: Առհասարակ և՛ առաջին ատյանի, և՛ թե Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում դատավորների թվաքանակը պետք է լրջորեն վերանայվի և ավելացվի: Նույնը նաև վարչական և քաղաքացիական դատարանների մասով: Տարածաշրջանում ՀՀ դատավորների թվաքանակը, ըստ բնակչության թվաքանակի, մեր մոտ ամենացածր և ամենավատ պատկերն է:
Դատավորների գերծանրաբեռնվածությունը մեղմ է հնչում, ես գտնում եմ՝ բոլոր ատյաններում դատավորների թվաքանակը պետք է ավելացնել, որից հետո դիտարկել անհրաժեշտություն կա՞ նոր դատարանի, թե՞ ոչ»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը