«Հանրապետության նախագահի աշխատակազմից ինձ մի քանի օր առաջ երկու անգամ հարցրին, թե նախագահը կարո՞ղ է նորից քննարկել իմ թեկնածությունն առաջադրելու հարցը։ Ես երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը, որովհետեւ երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում եմ հակասահմանադրական, ուստի չեմ կարող ինձ թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2019թ. առաջադրել էր իրավագիտության դոկտոր, Գերմանիայում ապրող ու աշխատող Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում, սակայն ԱԺ–ում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվել էր:
Կառավարությունն արդեն ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին։ Նրա հետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպում են ունեցել։
ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուներին պետք է ընտրի ԱԺ-ն՝ 3/5-րդ ձայներով:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս պահին ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն։
ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը