Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց պաշտպանական կողմի՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը և կանդրադառնա դրանց դատաքննությունը լրացնելու միջնորդությունների փուլում։ Ըստ դատավորի՝ միջնորդությունների լուծումը հնարավոր է մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտելուց հետո։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ինչպես նաև գործարար Սամվել Մայրապետյանին։
Իր հերթին Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել է որպես վկա դատարան հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։
Ըստ պաշտպանական կողմի՝ առաջադրված մեղադրանքի մեջ նշվում է, իբր 2008 թ․ նախագահական ընտրությունների հետ կապված վեճի քննարկման ժամանակ ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը, անհրաժեշտություն է առաջանում առաջին հերթին հարցաքննել ՍԴ դատավորներին, մինչդեռ նախաքննություն իրականացնող մարմինը հարցաքննել է ՍԴ-ի տեխնիկական անձնակազմին:
Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին, նշելով, որ տվյալ միջնորդությունը պաշտպանները կարող են ներկայացնել հետագայում, քանի որ այժմ գործը չի գտնվում ապացուցյների հետազոտման փուլում։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ միջնորդություններում հիշատակված անձինք տարիքով են և հնարավոր է, որ մի քանի տարի անց նրանք այլևս չեն կարող ներկայանալ դատարան։ Խուդոյանը հայտարարեց, որ դատարանն իր այս գործողություններով նպաստում է, որպեսզի այս գործով ամբողջական քննություն չկատարվի։
Իր հերթին պաշտպան Կարեն Մեժլումյանը կարծիք հայտնեց, որ սույն գործով վարույթը պետք է կասեցվի, մինչև դատավորների վեթինգի ավարտը, որովհետև մտավախություն կա, որ որևէ դատավոր, ով կարող է այս միջնորդությունները լուծել կամ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնել, կընկնի վեթինգի բացասական հետևանքների տակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը