16 07 2020

Սա ՀՀ ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է. ՄԻՊ

Սա ՀՀ ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է. ՄԻՊ

Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը, թե ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):

«Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:

Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է:

Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը»,- ասված է Թաթոյանի հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ