ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաեւ հակազդել համացանցի տարբեր հարթակներում ադրբեջանցի օգտատերերի կողմից շարունակական բնույթ կրող հակահայկական եւ ՀՀ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված ակցիաներին:
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հիշյալ ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալներից դիտվում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին եւ օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են համացանցի սոցցանցերում գրանցել արտերկրում բնակվող հայերի անուններով կեղծ էջեր եւ ներկայանալով որպես գործարար-բարերարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ, ծանոթություններ են հաստատում հայ զինծառայող-օգտատերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ:
Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ եւ պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ եւ դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին:
Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռեւս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, «Facebook» սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ եւ փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ:
Ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից եւ չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց եւ զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը