Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չստորագրեց: Yerevan.Today-ի զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադառնալով նախագահի չստորագրելուն և օրենքի ընդունման հետագա ընթացակարգից, մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը և նշեց. «Սահմանադրության 129 հոդվածը սահմանում է, որ եթե ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներն ուղարկվում են Հանրապետության նախագահի ստորագրմանը, նա 3 բան կարող է անել՝ 21-օրյա ժամկետում ստորագրել, չստորագրել, կամ էլ Սահմանադրական դատարան դիմել: Եվ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ եթե 21-օրյա ժամկետում նախագահը չի կատարում ՍԴ դիմելու կամ ստորգարելու գործողությունները, ապա 21-օրյա ժամկետը լրանալուց հետո 5-օրյա ժամկետում արդեն ԱԺ նախագահն է իրավասու հայտարարությամբ հանդես գալ և հրապարակել օրենքները»:
Սահմանադրագետի խոսքով՝ նախագահի չստորագրելը որևէ էական փոփոխություն այս գործընթացում չի կատարում. «Հակառակը՝ մենք արդեն իսկ ունենք ձևավորված ճգնաժամ, որը նմանաբնույթ գործողություններով ավելի է խորանում: Նախագահի մամուլի հաղորդագրությունն իրավական կատեգորիա և իրավական հիմք չէ, որպեսզի Ազգային ժողովն իր հերթին հայտարարությամբ հանդես գա և ասի, որ նախագահը նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել և այդ 21 օրյա ժամկետը խախտի, ամեն դեպքում պետք 21-օրյա ժամկետը լրանա, նոր ԱԺ նախագահը հայտարարությամբ հանդես գա: Դա մամուլի հաղորդագրություն է, որով նախագահը նախապես իր գործողությունների վերաբերյալ հանրությանն իրազեկել է, և ես դա որակում եմ որպես face-saving, այսինքն քանի որ բավականին քննադատության արժանացավ նախագահը կապված դրան նախորդող իր գործողություններով: Կհիշեք, երբ հունիսի 22-ին հակաիրավական գործընթացներ տեղի ունեցան մեր երկրում և հակաիրավական եղանակով Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց՝ և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային տեսանկյունից, այնուհետև նաև ընդունվեց սահմանադրական օրենքի փաթեթը, համաձայն որի նախագահին զրկեցին Սահմանադրության փոփոխությություններ ստորագրելու հնարավորությունից, և նա առանց որևէ դիմադրության ստորագրեց այդ օրենքը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե համաձայն օրենքի այս 21-օրյա ընթացքում ՍԴ դատավորը և երեք դատավորներն ինչ պետք է անեն և արդյոք կարո՞ղ են գնալ աշխատանքի, Գոհար Մելոյանն ասաց. «Ինչո՞ւ եմ նշում, որ մեր երկրում արդեն իսկ Սահմանադրական ճգնաժամային իրավիճակ է առկա, որովհետև հունիսի 22-ին հակաիրավական ճանապարհներով այս փոփոխությունները բերեցին դրան: Եթե նախկինում դա հորինվածք էր իշխանության կողմից և չակերտավոր էինք հնչեցնում՝ «սահմանադրական ճգնաժամ», և այդ մարմինն արդյունավետորեն իր լիազորություններն իրականացնում էր՝ բացառությամբ մեկ դատավորի, հունիսի 22-ից հետո արդեն մի շարք լրջագույն հարցադրումներ ի հայտ եկան, որ նախ իրավական հանրության մեծամասնությունը պնդում է, որ սա հակաիրավական գործընթացով սահմանադրական փոփոխություն է, որը բովանդակային տեսնակյունից անգամ այդ հոդվածը փոփոխության ենթակա պետք է չլիներ, 2-րդ՝ հարցադրումներ են առաջանում, թե արդյոք ո՞ր պաշտոնատար անձն է իրավասու դադարեցնել, ո՞ր իրավական ակտը վերջնական հիմք պետք է համարվի ՍԴ երեք դատավորների և նախագահի լիազորությունների դադարեցման համար, և արդյոք դատավոր տիկին Գյուլումյանի լիազորություններն ամեն դեպքում պետք դադարեցվե՞ն, թե՞ ոչ, որովհետև դե յուրե նա ՍԴ անդամ է նշանակվել 2014 թվականին՝ անկախ նրանից, որ նախկինում ևս հանդիսացել է ՍԴ անդամ: Եվ ես գտնում եմ, որ ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները դադարեցված չեն, սակայն առկա են Սահմանադրության փոփոխություններ, որոնք որքան էլ հակաիրավական բնույթ ունեն, և իշխանամետ և ոչ անչառ իրավաբանները հնարավոր է հակառակը պնդեն, բայց այս իրավիճակում իրապես ճգնաժամային խնդրի առջև ենք կանգնում ամբողջ երկրով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը