30 06 2020

Դոփում ենք տեղում․ հուսով ենք՝ դատարանը առաջ կգնա․ Խոսրով Հարությունյան

Դոփում ենք տեղում․ հուսով ենք՝ դատարանը առաջ կգնա․ Խոսրով Հարությունյան

Մենք սպասում էինք, որ այս նիստի ընթացքում կհասնենք ապացույցների բաշխման խնդրին, այսինքն, թե կողմերից որ մեկն ինչ պետք է ապացուցի, բայց ցավոք դրան չհասանք, որովհետև պատասխանող կողմը շարունակում էր պնդել իր այն թեզը, որ իբրև թե Արման Բաբաջանյանը որևէ զրպարտող կամ հերյուրող միտք հնչեցնելու մտադրություն չի ուենցել և մենք սխալ ենք ընկալել։ Այսօր՝ հունիսի 30-ին տեղի ունեցավ Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով Արման Բաբաջանյանի հիմնական նպատակը եղել է օգտվելը Գարեգին Բաղրամյանին մեղադրելու առիթից  նախկին պաշտոնյաներին վարկաբեկելու համար․ «Գարեգին Բաղրամյանը ոչ թե թիրախ էր, այլ առիթ նախկին պաշտոնյաներին պարսավանքի ենթարկելու համար։ Սա է եղել պատասխանող կողմի քաղաքական մտադրությունը։ Մենք ասում ենք՝ հիմնավորեք, որ ես ՀԷԿ ունեմ, ապացուցեք։ Եթե դուք այս ամենի հետ որևէ կերպ չեք կապում, ինչո՞ւ եք իմ անունը հնչեցնում»։

Խոսրով Հարությունյանը նկատեց, որ դատական նիստերը առաջ չեն շարժվում․ «Ես նույնիսկ վերջում ասացի, պարոն դատավոր, միգուցե հիմա դուք ապացույցների բեռը բաշխեք մյուս նիստին ամենքս մեր ապացույցներով ներկայանանք, դա էլ խուսափեց։  Ես ակնկալում եմ, որ դատավորը փորձում է կողմերի դրդապատճառները հասկանալ՝ անընդհատ մեզ լսելով, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ մենք անընդհատ դոփում ենք տեղում։ Դատական նիստին շատ հոդաբաշխ ներկայացրի մեր ընկալումները, հատկապես որ մենք տեսանք, լսեցինք տեսաձայնագրությունը, դատավորին ասացի՝ եկեք մի պահ վերանանք, թե ինչպես ենք որակում այս ամենը՝ զրպարտություն, թե՝ այլ բան, եկեք տեքստը ուսումնասիրենք՝ որքանով է ինձ տեքստում արտահայտված միտքը վերաբերելի, երբ մենք արձանագրում ենք, որ դա ինձ վերաբերելի է, հետո սկսում ենք  գնահատել, որակել դա զրպարտություն է, վիրավորնք է, թե ինչ է։ Դա առաջարկեցի դատարանին, ցավոք սրանից ավել մենք դատանում չկարողացնանք հասնել ավելիին։ Ցավում եմ, որ կարող է նույնը կրկնվել նաև հաջորդ դատական նիստին, բայց ես այլևս մեկնաբանություն չեմ ունենա։ Հուսամ, որ այդուհանդերձ դատարանը կգնա առաջ»։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենան հուլիսի 7-ին, ժամը 15։30-ին։

Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։ 2019 թվականի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտրվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասել է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար և ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու ու շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որևէ ձևով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ