27 06 2020

Խայտառակ որոշում է, ակնհայտ անհիմն և անօրինական․ Աբրահամ Մանուկյանի փաստաբան

Խայտառակ որոշում է, ակնհայտ անհիմն և անօրինական․ Աբրահամ Մանուկյանի փաստաբան

Ընտրակաշառքի գործով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին առաջադրվախ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա, ում հետ նախօրեին առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ։

«Քիչ առաջ, 10 օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին:Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը: Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները,ինչը առոչինչ է դարձնում հիմավոր կասկածը: Ուշագրավ է, որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը մեղադրյալ է,որը գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու է նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ