Սպուտնիկ Արմենիան գրում է․ «Սահմանադրական դատարանը վերսկսում է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՍԴ–ից։
Նշենք` Վենետիկի հանձնաժողովն արձանագրել էր, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։
«Քոչարյանի գործի քննությունը վերսկսելը բնականոնն ընթացք է։ ՍԴ–ն կասեցրել էր գործի քննությունը, քանի որ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով։ Այս երկու մարմինների կողմից Քոչարյանի գործով կարծիքներն արդեն ստացվել են, այսինքն` կասեցման հիմքերը դադարեցվել են»,–ասացին ՍԴ–ից։
ՍԴ-ն կվերսկսի Քոչարյանի գործի քննությունը հուլիսի 7-ին։
Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը