Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, գլխիվայր շրջել են քաղաքացուն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 եւ 1980թթ.:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը