25 05 2020

Սյունիքի բնակիչները ոստիկանությունից ծանուցումներ են ստանում․ «Իրավական ուղի»

Սյունիքի բնակիչները ոստիկանությունից ծանուցումներ են ստանում․ «Իրավական ուղի»

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմում Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։

 «Իրավական ուղի» ՀԿ-ի տարածած հայտարարությունում ասվում է.

«Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերեւույթ խոշտանգումների փաստագրված դեպքի դեմ խաղաղ բողոք արտահայելու համար՝ այն պատրվակով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում արդեն 70 օր է, ինչ տոտալ արգելված է խաղաղ հավաքների ազատությունը։

Մենք՝

(1) Վերահաստատում ենք մեր հետեւողական դիրքորոշումն առ այն, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքն արդեն վերածվել է հակաիրավական միջոցի, եւ այդ արգելքի կիրառումը բողոք արտահայտելու լուրջ պատճառ ունեցող քաղաքացիների նկատմամբ չի կարող իրավաչափ լինել։

(2) Վերահաստատում ենք մայիսի 15-ի մեր խնդրագիրն ուղղված ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ խաղաղ հավաքների ազատության տոտալ արգելքը Սահմանադրությամբ սահմանված կարգով վիճարկելու պահանջով։

(3) Պատրաստակամություն ենք հայտնում անվճար հիմունքներով իրականացնել մայիսի 24-ին Կապան քաղաքում բողոքի ակցիային մասնակցած բոլոր քաղաքացիների շահերի ներկայացուցչությունը Հայաստանի դատական համակարգում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ հիմնավորելու այդ անձանց իրավունքների կոպտագույն խախտումները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու հավաքների սահմանադրական ազատությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ