23 05 2020

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքները մակագրվել են Արմեն Դանիելյանին․ Հետք

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի բողոքները մակագրվել են Արմեն Դանիելյանին․ Հետք

«Հետք»-ը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Վերաքննիչ դատարանից։ Մակագրումը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

Նշենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև` մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները:

Բացի այդ՝ Դանիելյանը բեկանել է նաև Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել նրան  գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։

Մայիսի 13-ին դատարանը մերժել է միջնորդությունները, որի դեմ պաշտպանները բողոքներ են ներկայացրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ