20 05 2020

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է



Անվտանգ երթեւեկության առաջին նախապայմանը երթեւեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետեւելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը: Շրջակա միջավայրին եւ բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի:

Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթեւեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլեւս նորմայի սահմաններում չեն:

Կան եւ վարորդներ, որոնք մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է: Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները:

Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պատկերը բոլորովին այլ է, երբ խլացուցիչի ձայնը թեեւ բարձր է, բայց մեքենան գործարանային վիճակում է:

Այս դեպքում շարժիչն աշխատում է բնականոն ռեժիմով, վառելիքի գերածախս չի լինում եւ արտանետվող գազի քանակը նորմայի սահմաններում է: Բարձր ձայնով երթեւեկելու նպատակով խլացուցիչները վերասարքավորելն օրենքով անթույլատրելի է:

Եվ ճանապարհային ոստիկանությունը հետեւողական է այս հարցում: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում եւ հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ:

Նման մեքենաներով երթեւեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես եւ վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը եւ տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն:

Հորդորում ենք բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթեւեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները: Սա ճանապարհային երթեւեկության այն կանոնն է, որը պահպանելով` պահպանում ենք մեր քաղաքացիների անդորրը, էկոլոգիապես մաքուր պահում մեր երկիրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ