15 05 2020

Դավիթ Գրիգորյանի գործը դատավարական հեռանկար չի կարող ունենալ. պաշտպան. «Փաստինֆո»

Դավիթ Գրիգորյանի գործը դատավարական հեռանկար չի կարող ունենալ. պաշտպան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Սա ապօրինի քրեական հետապնդում է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ անդրադառնալով Դավիթ Գրիգորյանի գործը մեղադրական եզրակացությամ դատախազին ուղարկելու ՀՔԾ որոշմանը։

Փաստաբանի վստահեցնում է՝ հետագայում թե՛ գլխավոր դատախազը, թե՛ տվյալ գործով քննիչը և թե՛ հսկող դատախազն ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, արձանագրել էր, խախտվել է Դավիթ Գիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը։ Մասնավորապես՝ դատարանը բավարարել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, իսկ որպես բեկանելու հիմք դիտարկել էր այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։ Այս որոշման դեմ դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, ինչը վարույթ չէր ընդունվել։

Գ.Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելիս հենց Գլխավոր դատախազն ւղղակի ձևով նշել էր, որ եթե Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 5-ի որոշման դեմ բերված բողոքը վարույթ չընդունի և դրական լուծում չտա, ապա դատարանի տվյալ որոշման տրամաբանությամբ իրենց վարույթում առկա է քրեական հետապնդումն առերևույթ բացառող հիմքեր։ «Այսինքն քրեական հետապնդումը պետք է դադարեցնեն, դա ուղղակի ձևով է նշված Վճռաբեկ բողոքի մեջ։ Ինքը՝ Գլխավոր դատախազը գիտակցում է, քննիչը գիտակցում է, հսկող դատախազը գիտակցում է, բայց արի ու տես նրանք այսօրվա դրությամբ քրեական հետապնդումը շարունակում են, և գործն էլ ուղարկում են դատարան»,-ասաց Գեորգի Մելիքյանը։
Վերջինս վստահ է, որ գործը դատարանում հեռանկար չունի, արդարացվելու է։ Փաստաբանը նկատեց, եթե այլ գործերով դա տարակուսելի է, քանի որ ամեն դեպքում դատարանն ինքն է որոշում՝ ինչ պետք է լինի, ապա այս դեպքում իրավիճակն այնքանով է ակնհայտ ու բացահայտ, որ քրեական գործ հարուցելու որոշման ապօրինի լինելու պայմաններում ինչ ապացույց էլ ձեռք բերվի, փաստաբանը պնդում է՝ տվյալ քրեական գործը դատավարական հեռանկար չի կարող ունենալ. «Առանց քրեական գործ հարուցելու մասին որոշման որևէ քրեական հետապնդում չի կարող իրականացվի։ Դա քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասն է, իսկ նման պայմաններում կարծում եմ, որ որևէ դատավոր չի գտնվի, նույնիսկ այսպես ասած Աննա Դանիբեկյանը, Արմեն Դանիելյանը, որոնք բացասական ռեյթինգ ունեն, նրանք էլ ռիսկային որևէ գործոն չեն կարող առաջ քաշել, որպեսզի քրեական հետապնդումը շարունակվի»,-ասաց փաստաբանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ Դավիթ Գրիգորյանի գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու համար։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ