06 05 2020

Կորոնավիրուսով պայմանավորված գրավի դիմաց ազատված մեղադրյալը ազատության մեջ կմնա

Կորոնավիրուսով պայմանավորված գրավի դիմաց ազատված մեղադրյալը ազատության մեջ կմնա

Փաստինֆո-ն գրում է․ «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ գրավի դիմաց ազատ արձակված Սամուել Ֆարմանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ 

Հիշեցնենք, որ Սամուել Ֆարմանյանը մեղադրվում է 2019թ. հունվարի 21-ին «varks.am» վարկային կազմակերպության` Կոմիտասի փողոցում գտնվող մասնաճյուղից ավազակային հարձակմամբ 1 մլն ՀՀ դրամին համարժեք գումար հափշտակելու մեջ և դիմել փախուստի:

Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետով՝ զենքի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար: Ֆարմանյանը կալանավորված էր 2019թ-ից։ Դատավարության ընթացքում ՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը գրավով փոխարինելու մասին, ինչը դատարանը մերժել էր: 2020 թվականի մարտին դատարանը որոշեց Սամուել Ֆարմանյանին գրավի դիմաց ազատ արձակել՝ գրավով:

Նշենք, որ այժմ գործի քննությունը գտնվում է դատաքննության փուլում։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով դատավարության կողմերը միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ նիստը հետաձգելու և այլ հերթի նշանակելու մասին, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեփական նախաձեռնությամբ անդրադարձել էր գրավի միջնորդությանը և բավարարել այն՝ գրավի չափ սահմանելով 2 մլն ՀՀ դրամը

Դատարանը մատնանշել է ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 2020թ. մարտի 20-ի զեկույցը, մասնավորապես՝ մատնանշել է զեկույցի 5-րդ կետը, որի համաձայն՝ հաշվի առնելով այն, որ միջձանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր համապատասխան մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար:

Ըստ զեկույցի 5-րդ կետի՝ այս մոտեցումն առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերծանրաբեռնվածության դեպքում և իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները: Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտել է, որ պետք է վերանայել գրավի կիրառման թույլատրելիության հարցը՝ չանտեսելով նաև համավարակով ստեղծված իրավիճակը:

Հատկանշական է, որ դատախազությունը ևս հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ տարբեր գործերով սեփական նախաձեռնությամբ միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու համար, սակայն արդեն իսկ նույն հիմքով գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ընդ որում՝ Ֆարմանյանն առաջինն էր, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ