ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը վերացնելու մասին միջնորդությունը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Հովհաննես Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Պաշտպանը դիմել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար, ինչը մերժվել է:
«Դիմում ենք, ասում ենք՝ դատավոր Աննա Դանիբեկյանը բացակայում է, վերամակագրեք այլ դատավորի, ասում են՝ մակագրում ենք դատավոր Դանիբեկյանին »,- նշեց Խուդոյանը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին՝ նիստում պատրաստվում են ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Իսկ երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը