Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Երեւան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերեւույթ դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու նույն գերեզմանատան հսկիչը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպությունում կազմակերպչական եւ տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար վերջինիցս պահանջել են խոշոր չափերի՝ 719 280 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
2020 թ. ապրիլի 29-ին գերեզմանատան հիշյալ հսկիչը նախապես պայմանավորված 1500 ԱՄՆ դոլար կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել եւ առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը