Հայաստանի փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել անվճար տրամադրել իրավաբանական խորհրդատվություն բոլոր այն քաղաքացիներին, որոնք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար ենթարկվել են վարչական տույժի: Փաստաբանների պալատն այս առիթով տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված մեր հայրենակիցներին Փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում կկազմի հայցադիմում և վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (Կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, [email protected])»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը