«Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրառումը երեկ փաստաբանների, իրավաբանների կողմից տարածվում էր սոցիալական ցանցերում։ Այսպիսով իրավաբանները ցույց էին տալիս իրենց անհամաձայնությունը Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում դատավորի կողմից հնչեցված գնահատականն է: Մեկ բան, սակայն, ակնհայտ է, սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումների սկիզբը չէ։
Ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ։ Սա շուրջ երկու տարի շարունակվող աննախադեպ հետապնդումների շարունակությունն է, երբ Ալեքսանդր Ազարյանը համարձակություն ունեցավ կայացնել դատական ակտ, որով արձանագրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այսպիսի որոշումները չեն ներվում, որքան էլ որ դատական ակտը կայացված լինի ներքին համոզմամբ և օրենքին համապատասխան։ Այս որոշմամբ դատավորի հանդեպ ճնշումների սկիզբը դրվեց։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Ցավով պետք է նշեմ, որ իշխանությունները դատական համակարգը ամրապնդելուն ուղղված քայլերի փոխարեն, դատարանների աշխատանքներին չմիջամտելու, դատարանի անկախությունը երաշխավորելու փոխարեն, փորձում են վերջնականապես ոչնչացնել առանց այդ էլ բավականին խոցելի այս համակարգը։
Անտեսվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այն մասին, որ դատական անկախության սկզբունքի նպատակն է ապահովել, որ դատավորները զերծ մնան արտաքին ազդեցությունից, երբ նրանք օրենքի հիման վրա որոշում են կայացնում գործի վերաբերյալ, և նրանք չպետք է վախենան որևէ հետևանքից՝ իրենց պարտականությունների կատարման համար, բացառությամբ արդարադատության խեղաթյուրման: Սա դատավորի նկատմամբ բացահայտ ճնշման դրսևորում է, որը պայմանավորված է իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելու համարձակությամբ։ Սա իրավական ռեպրեսիայի ամենավառ դրսևորումն է, երբ ողջ համակարգը փորձում են դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ռեպրեսիվ մեքենայի նախապայմանն է դակող դատավորը, վերադարձը դեպի 37թիվ, տրոյկաներ։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։
Բայց դրա տակից որևէ պետություն դուրս չի եկել, մենք էլ չենք կարողանալու։ Եթե կուզեք Ազարյանի նման դատավորները ապագայի համար են։ Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք՝ իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու սուբյեկտիվ նախասիրություններին։ Եվ սա միայն Հայաստանի համար չէ կարևոր, սա օրենք է։ Եվ եթե այսօր դատական համակարգը առավել կախյալ դարձնելու փորձերը հասարակության լայն շերտեին չի անհանգստացնում, վաղը այդ խնդիրը թակելու է անհատապես յուրաքանչյուրի դուռը, վաղը այդ նույն համակարգի կախյալ դատավորները քննելու են իրենց գործերը։ Սա իսկապես մեր իրավական համակարգի համար հերթական խայտառակությունն է, փորձել պատժել մի դատավորի, որն ամենամեծ հեղինակությունն է վայելում իրավական համակարգում, որը կրկին HelpCourt Hamakarg-ով ունի ամենաբարձր վարկանիշը, փորձել պատժել այն դատավորին, որի որոշումները հետագայում նախադեպային են դառնում…
Պատժելով դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն և մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, անդառնալի հարված է հասցվում ոչ միայն արդարադատությանը, այլև պետականությանը։ Ուրեմն «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից, ձեռքերդ հեռու արդարադատությունից»:
Ասյա ՕՎԱՆՅԱՆ
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ
«ԻՄ ՁԱՅՆԸ» ՆԱԽԱԳԻԾ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը