09 04 2020

Ռոբերտ Քոչարյանի իրավունքների նկատմամբ դրսևորվում է բացահայտ անարգանք․ փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի իրավունքների նկատմամբ դրսևորվում է բացահայտ անարգանք․ փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եվրոպայի Խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն Կոռոնավիրուսի /COVID 19/ համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20 - ին հրապարակել է զեկույց՝ սկզբուքնների ժողովածու, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող անձանց։
Զեկույցի 5 - րդ կետում մասնավորապես ասվում է՝《Հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր համապատասխան իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։ Ավելին՝ իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները ...》։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթն իր հերթին կոչ է արել երկրների իշխանություններին դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը՝ նշելով, որ իշխանությունները պետք է ուսումնասիրեն ազատ արձակելու միջոցները COVID-19 - ի նկատմամբ խոցելի անձանց համար, այդ թվում՝ տարեց եւ հիվանդություններ ունեցող կալանավորների:

Ինպես տեսնում ենք, մարդու իրավունքների իմաստով շահագրգիռ միջազգային կառույցները հետևողականորեն հորդորում են պետություններին խստագույնս պաշտպանել մարդու իրավունքները, սակայն Հայաստանը, որ《Թավշյա հեղափոխությամբ》իբրև թե բռնել էր մարդու իրավունքների առավել երաշխավորված լինելու, դրանց զարգացման ուղին, հռչակվել էր՝ որպես《Ժողովրդավարության բաստիոն》, լուռ է աշխարհի առջև, ավելին՝ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը կախված է բացառապես Դատարանից, որի վարույթում գտնվում է տվյալ անձի վերաբերյալ գործն, այլ խոսքով՝ անձի բախտը, թե բերի՝ դատավորն արժանապատիվ լինի, իրավունքները կպաշտպանվեն, մինչդեռ գործը《գործիք դատավորի》վարույթում հայտնվելու պարագայում անձը պետք է խաչ քաշի իր՝ նույնիսկ հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա՝ հատկապես, իշխանությունների բիրտ ճնշման պայմաններում։

Հիմա ըստ էության՝ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը կաթվածահար վիճակում է, այսօր մամուլում շրջանառվեց տեղեկություն, համաձայն որի դատավոր Աննա Դանիբեկյանը դիմել է քթի պլաստիկ վիրահատության։ Ամենևին չեմ ցանկանում տիկին Դանիբեկյանի առողջականն ու արտաքին տեսքը քննարկել, վերջապես եթե պարզվեր՝ ոչ թե քթի պլաստիկ վիրահատության է դիմել, այլ Աստված մի արասցե գլխուղեղի չարորակ ուռուցք է ունեցել ու հիպոֆիզն է վիրահատել, այդ փաստը ևս ամենևին չէր արդարացնի Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալը։ Հետևաբար մեծ հաշվով մեկ է՝ ինչու՞ տիկին Դանիբեկյանը չի կայացնում դատական նիստ, կարևորն այն է՝ Քոչարյանի իրավունքների պաշտպանության իրականացումն անհնարին է, մինչդեռ առկա են գործուն մեխանիզմներ, որոնց կիրառման պայմաններում չի տուժի ո՛չ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությունը, ո՛չ Աննա Դանիբեկյանի առողջությունը։

Սակայն Դատարանի անգործության առաջ է գալիս հարցերի մի շարք, որոնք իրավունքի տրամաբանության իմաստով՝ մնում են անպատասխան, այսպես.

1. Արդյո՞ք Աննա Դանիբեկյանի վիրահատությունն անհետաձգելի էր՝ հաշվի առնելով ըստ մամուլի տեղեկությունների՝ վիրահատության բնույթն ու նշանակված վերջին դատական նիստի դեռ նախորդ օրն այդ նիստը չկայանալու մասին որևէ տեղեկության բացակայությունը։

2. Արդյո՞ք դատական քննության կաթվածահար վիճակը բացի պաշտպանական կողմից դատավարության մյուս կողմերին չի հետաքրքրում՝ հաշվի առնելով տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների, դատախազների լռությունն ու նշանակված վերջին դատական նիստին նրանց չներկայանալը / եթե տեղյակ են եղել նիստը չկայանալու մասին, ապա ինչու՞ այդ մասին տեղյակ չեն եղել պաշտպանները, եթե տեղյակ չեն եղել, ինչու՞ բոլորը չեն ներկայացել/։

3. Արդյո՞ք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Դավթյանը չպետք է քրեական գործը կամ գոնե Ռոբերտ Քոչարյանի ազատության հարցի քննությունը մակագրի մեկ այլ դատավորի՝ հատկապես հաշվի առնելով համավարակն ու այն, որ
ակնկալվող վերջին դատական նիստին պետք է քննվեր նրա՝ կալանավորումը երաշխավորությամբ փոխելու պաշտպանների միջնորդությունը։

4. Արդյո՞ք դատախազությունը սեփական նախաձեռնությամբ չպետք է միջնորդի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին՝ գոնե հաշվի առնելով համավարակը։

Հարկ է նաև նշել, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Էրեբունի Բ/Կ - ում՝ ուներ առողջական խնդիրներ։ Անսալով բժիշկների պնդումն առ այն, որ վերջինիս նկատմամբ բժշկական հսկողությունն անհրաժեշտ է, հաշվի չառնելով համաճարակը՝ նրան այնուամենայնիվ օրեր առաջ տեղափոխեցին《Երևան - Կենտրոն》ՔԿՀ։

Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է, վաթսունվեց տարեկան, հետևաբար համաճարակի խոցելի խմբում է, նաև փաստ է՝ վիրուսը ներթափանցել է նաև ՔԿՀ ֊ ներ. ուրեմն՝ Քոչարյանը և՛ խոցելի տարիքային խմբում է, և՛ վարակի թիրախում։

Վերոհիշյալ հարցադրումների ու հաստատումների համատեքստում հաշվի առնելով իշխանության՝ այս գործին բազմաթիվ կոպիտ ճնշումները՝ /վարչապետի, պետական այլ բարձր պաշտոնյաների մի շարք հայտարարություններ, դատարանների շրջափակում, հեռախոսային արդարադատություն .../ վերահաստատվում է՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նրա իրավունքների նկատմամբ իրավակիրառ պատկան բոլոր մարմինների կողմից դրսևորվում է բացահայտ անարգանք։
 

ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն հարգում ներպետական օրենսդրությունն ու մարդու իրավունքներին վերաբերող ՀՀ բազմաթիվ միջազգային պայմանագրերն, այլև թքած ունեն սույն գրառմանս սկզբում նշած ԵԽ զեկույցի ու ՄԱԿ հանձնակատարի կոչի վրա։
 

Ստացվում է՝ իշխանությունների համար Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու մոլուցք դարձած անհրաժեշտությունն այն աստիճանի է, որ նրանք պատրաստ են մինչևիսկ ուղղակիորեն հարվածի տակ դնել ՀՀ միջազգային վարկը, հանուն մեկ《ջուր գործի》գնալ իրավունքի ու օրենքի անօրինակ ու աննախադեպ խախտումների՝ սեփական հանրության ու աշխարհի առաջ խոստովանելով՝ ինչ վերաբերում է Քոչարյանին մենք լուռ ենք. գործողությամբ, թե անգործությամբ՝ նրա իրավունքները չխախտվել չեն կարող։

Չեմ կարող չհիշել ներկա իշխանությունների, պրոիշխանական շրջանակաների, մարդու իրավունքների պաշտպանության《ջատագով》կազմակերպությունների ու իրավապաշտպանների աղաղակումները մինչև《Թավշյա հեղափոխությունն》, ինչու՞ են այժմ պապանձվել, քավ լիցի, զերծ կմնամ պնդել, թե նախկինում ամենը կատարյալ էր, սակայն ստացվում է՝ այս մարդիկ ոչ թե դեմ էին մարդու իրավունքների խախտումներին, այլ պարզապես իրենք էին ցանկանում դրանք խախտել, ինչպես տարածված ճշմարտությունն է վկայում՝《դեմ են ոչ թե թալանին, այլ որ իրենք չեն թալանում》։

Առանց կալանավորման հիմնազուրկ լինելը վերստին հիմնավորելու, առանց Ռոբերտ Քոչարյանի անձին, նրա՝ մեր պետության ու ժողովրդի առաջ ունեցած անուրանալի վաստակը վերստին մատնանշելու՝ կարծում եմ՝ միայն միջազգային կառույցներից ստացվող պահանջներին ականջալուր լինելու և իրավունքի միայն անկյունաքարային սկզբունքներով առաջնորդվելու պարագայում ՀՀ իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դադարեցնել այս անբարո իրավախայտառակությունն՝ այս գործի ուղղակի պատասխանատուն է ՀՀ իշխանությունը, պարտվողը՝ ՀՀ։

Արդարադատություն կոչված խայտառակ ապօրինությունների այս հավաքածու քրեական գործն ամոթի խարանն է՝ դաջված մեր հասարակության իրավագիտակցության երեսին, հանցավորության դրոշմը մեր պետության համար։

Մի՛ ոչնչացրեք ինքներդ ձեզ ու պետությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ