09 04 2020

Դատարանի նախագահը պարտավոր էր մեր միջնորդության քննությունը փոխանցել մեկ այլ դատավորի. փաստաբան. Tert.am

Դատարանի նախագահը պարտավոր էր մեր միջնորդության քննությունը փոխանցել մեկ այլ դատավորի. փաստաբան. Tert.am

Այս իրավիճակի առաջին պատասխանատուն, բացի ռեժիսորից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, պետք է լինի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության և դատական նիստերից բացակայելու պատճառը վերջինիս քթի պլաստիկ վիրահատությունն է:

Փաստաբանը նշել է՝ իրենից կախված ամեն ինչ անելու է, որ այդ պատասխանատվության պահը հնարավորինս շուտ վրա հասնի:

Ալումյանն ընդգծել է՝ Աննա Դանիբեկյանն իրոք քթի պլաստիկ վիրահատության պատճառով այսքան ժամանակ չի ներկայացել աշխատանքի, ապա պարզ է, որ այդ վիրահատության մասին ինքը շատ ավելի շուտ է տեղյակ եղել, քանի որ դա այնպիսի վիրահատություն չէ, որի կարիքը հանկարծակի է առաջանում:

«Մարտի 13-ին մենք զանգահարել ենք դատավորի աշխատակազմ ու ասել, որ տեղեկություն ունենք, որ Դանիբեկյանը նիստեր է ունեցել, ու դրանք չեն կայացել՝ իր չներկայանալու պատճառով, և հարցրել ենք՝ մարտի 17-ի նիստը կայանալո՞ւ է, և աշխատակազմից մեզ պատասխանել են, որ հաստատապես կայանալու է: Արդյո՞ք ամսի 13-ին արդեն պարզ չէր, որ 17-ի նիստը տեղի չի ունենա»,-ասել է փաստաբանը՝ նշելով նաև, որ քթի վիրահատությունն այն անհետաձգելի վիրահատություններից չէ, որը պետք է առաջնահերթություն լիներ դատական նիստից:

Ալումյանը կարևորել է՝ եթե Դանիբեկյանը ցանկացած առողջական պատճառով աշխատանքի չի ներկայացել, ապա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը պարտավոր էր և այս պահին էլ պարտավոր է փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության քննությունը փոխանցել մեկ այլ դատավորի, քանի որ ԲԴԽ-ն դրա վերաբերյալ ունի հստակ որոշում:
Նա նշել է նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված, եթե հրատապ միջնորդություններ են լինում, դրանք ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, և Ալումյանը հրատապ միջնորդություն է ուղարկել դատարանի նախագահին՝ նկատի ունենալով, որ ինքը ձևացնում է, որ ԲԴԽ որոշումիօց տեղյակ չէ, որ պետք է գործը փոխանցի այլ դատավորի:

«Որպեսզի իրեն լրացուցիչ իրազեկեմ այդ որոշման մասին, ապրիլի 7-ին դատարանի նախագահին միջնորդություն եմ ներկայացրել, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը փոխանցի այլ դատավորի: Այսօր զանգահարել եմ դատավորի աշխատակազմ՝ ճշտելու՝ ինչու միջնորդությունս մինչև հիմա լուծում չի ստացել, և դատավորի օգնականն ասում է, թե այդ միջնորդությունը չի ստացել, ու առաջարկում է այդ խնդիրը քննարկել դատարանի գրասենյակի հետ՝ փոխարենն իրենք այդ խնդիրն անհապաղ քննարկեն գրասենյակի հետ»,-հայտնել է Ալումյանը:

Հիշեցնեք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։

ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ փաստաբանական թիմը բազմիցս նշել է, որ սա անօրինական է: Իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, և այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ապրիլի 16-ին լրանում է, եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ