2020թ․ մարտի 31-ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչը հանրության կողմից ստացավ «Հեռախոսով մարդկանց հսկելու օրենք» անվանումը:
Հասարակության մի հատվածը քննադատում է, մյուս մասը գտնում է, որ այն լրացուցիչ անհրաժեշտ գործիք է մարդկանց համաճարակից փրկելու գործում: Հատուկ դրության պայմաններում ինքս (Սեդրակ Ասատրյան) զերծ կմնամ գնահատականներ տալուց:
Բոլոր դեպքերում խրախուսելի են ջանքերը, երբ կառավարությունը փորձում է ինովացիոն եղանակներով պաշտպանել մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վերահաս վտանգից, այլ հարց է, որ հասարակությունը չի վստահում այն հավելվածի բովանդակությանը, որ առաջարկվում է տեղադրել քաղաքացիների հեռախոսներում:
Մոտ տասը տարի է հարց եմ բարձրացնում անազատության մեջ գտնվող կալանավորված անձանց, այլընտրանքային խափանման միջոց կիրառելու ինովացիոն առաջադեմ եղանակների մասին, մասնավորապես էլեկտրոնային ապարանջան (բրասլետ) կոչվող սարքի միջոցով կալանավորված անձանց տանը պահելու և սարքի միջոցով նրանց շարժը ճշգրիտ տեղորոշելու եղանակի մասին:
Հին իշխանություններին ասում էինք հին են, ինչ անուն ասես կպցնում էինք, նրանք
գոնե պրոցեսը սկսել էին, պրոբացիայի օրենքն են ընդունել, ծառայությունն են ստեղծել, օրենքում մի ամբողջ գլուխ վերաբերում է էլեկտրոնային հսկողությանը (11-րդ գլուխ), անցումային դրույթներով նախատեսված է, որ
«3. Սույն օրենքի 11-րդ գլխի դրույթներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված կիրառվող էլեկտրոնային հսկողության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:»
Ցավոք կարող ենք արձանագրել, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդպես էլ քրեական դատավարության օրենսգրքում չի արվել փոփոխություն, ու արդյունքում միևնույնն է համակարգը չկա:
Դուք երիտասարդ եք, ՏՏ ոլորտին տիրապետում եք, նույնիսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ունեք: Կարծում եմ այս օրհասական պահին ճիշտ ժամանակն է արագ կազմակերպելու կալանավորված անձանց էլեկտրոնային շղթայի միջոցով տանը պահելու հարցերը օրենսդրորեն կարգավորելու:
Իսկ մինչև այդ համակարգը կազմակերպելը առաջարկում եմ կալանավորված անձանց կորոնավիրուսի հնարավոր համավարակից փրկելու համար անհապաղ ազատ արձակել՝ մի մասի խափանման միջոցը փոխել ստորագրություն չհեռանալու մասին կամ կիրառել գրավ, իսկ մի մասին ովքեր առանձնատան հնարավորություն ունեն հսկողությունը կազմակերպել տանը ոստիկանի կենդանի ուժի հսկողության միջոցով:
Հավատացեք, եթե ազատության մեջ գտնվող մարդկանց համար արհեստական շնչառության սարքերը լուրջ երաշխիք են մարդկանց ամենադժվար պահին թոքերի ֆունկցիան իրենց վրա վերցնել ու հնարավորություն տալ բժիշկներին պայքարել նրանց կյանքի համար, ապա անազատության մեջ գտնվող մարդկանց այս համավարակից փրկվելու միակ երաշխիքը առնվազն այս ժամանակահատվածում փակ կալանատներից ազատ տարածքում գտնվելն է:
Ստորև հղումերով կարող եք գտնել վերջին տաս տարվա ընթացքում նյութի վերաբարյալ հրապարակումներիս մի մասը՝
https://www.dialog.am/article/98
http://www.advocates.am/news/view/332.html
Առաջադեմ աշխարհը վաղուց է կիրառում էլեկտրոնային շղթան:
Ստորև մի փոքր հետազոտության արդյունքներն են՝
http://dialog.am/storage/files/posts/posts_86183381162__.pdf
«Կոնցեռն Դիալոգ» գրասենյակի տնօրեն՝ Սեդրակ Ասատրյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը