News.am-ը գրում է․ «ՔԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը դիտարկելու՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչին։
Նա հիշեցրեց, որ անձանց խափանման միջոցը փոխելը կոնկրետ քրեական գործերով նախաքննություն կամ դատական վարույթ իրականացնող մարմինների իրավասության տիրույթում է։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցն ուղարկել է իրավասու մարմիններին՝ նշելով դրանց նշանակության մասին։ Խոսքը ԽԿԿ–ի՝ մարտի 20-ին հրապարակած զեկույցի մասին է, որտեղ կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։
Պաշտպանի կարծիքով՝ համաճարակային իրավիճակում արդյունավետ կլինի նաև անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ «տնային կալանք» կիրառել, այսինքն քննարկել Քրեական դատավարության օրենսգրքում «տնային կալանք» խափանման միջոցը ներդնելու հարցը։
«Դա անհրաժեշտ է անել անկախ կորոնավիրուսից, հիմա ուղղակի ավելի արդիական է, դրա հետ կապված լուծումները հստակ ամրագրված են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագածում, կարելի է այնտեղից վերցնել»,–ասաց նա։
Անդրադառնալով քրեակատարողական ծառայողների մոտ կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերին և այն մտահոգություններին, որ ՔԿԾ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում, Թաթոյանը նշեց, որ այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է։
Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս ախտորոշվել. նրանք և մյուս 28 աշխատակիցները մեկուսացված են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը