Tert.am-ը գրում է. Տեղեկություն չկա, թե երբ կլինի հաջորդ նիստը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով՝ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվելուն՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:
Փաստաբանն ասել է, որ դիտավորությամբ դատական նիստը ձգձգելու միտում է տեսնում, քանի որ օրենքով նախատեսված լիազորությունները չեն իրականացնում՝ ուրիշ դատավորին միջնորդությունը փոխանցելու: «Ձգձգումը միայն կարող եմ պայմանավորել դիտավորությամբ պրոցեսը ձգձգելով, որովհետև իրավական բոլոր հնարավորությունները կան դատավորին փոխելու, կոնկրետ ժամկետում նիստ հարվիրելու, որը չի արվում: Խնդիրը նաև այն է, որ առ այսօր ոչ ոք չգիտի, թե երբ կլինի նիստը, և ոչ ոք չգիտի, թե երբ է դատավորը վերադառնալու աշխատանքի: Ընդ որում, խոսքը մի վիրահատության մասին է, որը կարող է տևական լինել»,-ասել է նա:
Հովհաննես Խուդոյանը նշել է, որ գուցե օբյիկտիվ է, որ Աննա Դանիբեկյանը չի կարողանում միջնորդությունը քննել՝ պայմանավորված առողջական վիճակով, սակայն օրենսդրությունը պահանջում է, որ այդ հարցը հրատապ քննվի և պետք է ուրիշ դատավոր մասնակցի գործին: «ԲԴխ-ն պետք է հետամուտ լինի իրենց լիազորությունները բարեխիղճ կատարեն, եթե նրանք խնդիր են տեսնում, չեն կարող անտեսել մարդու իրավունքները: Այսինքն՝ իրենք տեսնում են, որ պրոցեսը կանգնել է անորոշ ժամկետով, բայց կա հրատապ լուծման անհրաժեշտության խնդիր և այդ խնդիրը չի լուծվում իրենց անգործության պատճառով»,- ասել է նա:
Փաստաբանն օրինակ է բերել, որ եթե այլ գործով ամբաստանյալներից մեկը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի և այդ անձին կալանավորելու խնդիր առաջանա, հաստատ նույն օրը ուրիշ դատավոր էր այդ կալանքը տալու, իսկ երբ խոսքը մարդու ազատության մասին է, բոլորն անտարբեր են:
«Հաշվի առնելով Դատախազության և դատավարության մյուս մասնակիցների մշտական բողոքները, թե ինչու է այս պրոցեսը ձգձգվում և հիմա ոչ մի ձայն չկա ոչ մեկի կողմից, կասկածներ առաջանում են, որ այս ամենը միասնական ինչ-որ աշխատանքի արդյունք է: Հիմա երբ ամեն ինչ արվում է, որ ազատության հարցը չքննվի, կարծես ոչ մեկ ձգձգումից դժգոհ չէ»,-ասել է նա և նշել, որ այս ամենը արդարադատություն իրականացնելուց խուսափել է նշանակում:
Ինչ վերաբերում է արտակարգ դրության՝ գործի վրա անդրադարձին, ապա փաստաբանն ասել է, որ արդեն դատական առաջադեմ պրակտիկա ունեն, որ դատավորը իր նախաձենռությամբ խափանման միջոցի քննարկման հարց է սկսել: «Ճիշտ հակառակը, հենց այս արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է, որ դատարաններն այլ գործերով պետք է քիչ ծանրաբեռնված լինեն, քանի որ նիստերը հետաձգվում են»,-ասել է նա:
Փաստաբանն ասել է, որ հարցումներ ուղարկել են ԲԴԽ, Դատական դեպարտամետ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, սպասում են պատասխանին, և թեև անցել են հեռավար կապի, սակայն դեռ պատասխան չկա: Խուդոյանը նշեց, որ այս ամենի մեջ դիտավորություն են տեսնում:
Նշենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի, պատճառաբանելով, որ սույն քրեական գործը գտնվում Ա․ Դանիբեկյանի վարույթում և միջնորդությունը գտնվում է բացառապես իր լիազորությունների շրջանակում։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը