Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ ընդունվեց ընդունվեց պարետի N 16 որոշումը, համաձայն որի՝ այսօր ժամը 23:59-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում են անձանց տեղաշարժի սահմանափակումներ, որոնք կգործեն մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը։
Մասնավորապես, սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Ինքնամեկուսացման վայրից /տանից/ կարելի է դուրս գալ.
1. Չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին.
2. Աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց.
3. Պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների նպատակով.
4. Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով։
Վերոնշյալ բոլոր դեպքերում ինքնամեկուսացման վայրից դուրս գալիս անձը պետք է ունենա լրացված ձևաչափով թուղթ, որը կարող է լինել նաև ձեռագիր տարբերակով, և անձը հաստատող փաստաթուղթ։
Բացի այդ, վերոնշյալ դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը