Սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ «վաղը լինելու է Չարենցի այգում՝ էջմիածնեցիների հետ հանդիպելու, նրանց հուզող խնդիրները քննարկելու և հանրաքվեին վերաբերող հարցերին պատասխանելու նպատակով», ավելացնելով, որ շրջելու է շենքերի բակերով և բնակիչներին հանձնի ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրեր։
Դիանա Գասպարյանի գրառումը խնդրահարույց է օրենքի՝ հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների տեսանկյունից։Նախ, Դիանա Գասպարյանն օգտվելով իր պաշտոնեական դիրքից բնակիչներին հրավիրում է իր՝ Էջմիածնի քաղաքապետի հետ հանդիպման բնակիչներին հուզող խնդիրները քննարկելու համար։ Բնակիչները, բնակաբանար կցանկանան իրենց խնդիրները ներկայացնել գործող քաղաքապետին։
Երկրորդ, գրառումից ակնհայտ է դառնում, որ Գասպարյանը պատրաստվում է բնակիչների հետ քննարկել նրանց խնդիրները, ինչը կրկին կարող է անել միայն քաղաքապետի կարգավիճակում՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու կարգավիճակը։
Եվ երրորդ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով բնակիչներին իր հետ հանդիպման հրավիրելով՝ Գասպարյանը պատրաստվում է միաժամանակ քարոզչություն իրականացնել՝ բակերով շրջելով և քարոզչական նյութեր բաժանելով։
Մինչդեռ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել «ի պաշտոնե հանդես գալիս»։Կոչ եմ անում Դիանա Գասպարյանին պահպանել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջները և ի պաշտոնե հանդես գալիս չիրականացնել քարոզչություն, իսկ քարոզչություն իրականացնելիս հանդես չգալ ի պաշտոնե»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը