09 03 2020

Ալեքսանդր Ազարյանը կշարունակի քննել Արմեն Թավադյանի կալանքի բողոքարկումը

Ալեքսանդր Ազարյանը կշարունակի քննել Արմեն Թավադյանի կալանքի բողոքարկումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մերժեց Արմեն Թավադյանի գործով մեղադրող դատախազի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը: Դատավոր Ազարյանը կշարունակի քննել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ Թավադյանի խափանման միջոց կալանքի որոշման բողոքը:

Դատախազին ներկայացրած բացարկի միջնորդությունը մերժվել է հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ: Իսկ Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Դատախազը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկա չէր, խնդրել էր նիստը հետաձգել: Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը 16:00-ին: Քանի որ նոր հանգամանքներ պետք է ներկայացնենք, որի մասով դատախազը դիրքորոշում պետք է հայտնի, նաև դա էր պատճառը, որ այսօրվա նիստը հետաձգվեց»,- հայտնեց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը խոսքով՝ դատախազների և քննիչների բացակայության պատճառով որևէ կալանքի գործի քննության հետաձգումները պետք է նվազագույնի հասցվեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի մասին ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը  պաշտպանական կողմը  բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան: Բողոքի քննությունը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, նախորդ դատական նիստում Հատուկ քննչական ծառայության քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ