03 03 2020

99 համարի երթուղու վթարի հարցով քրգործի հարուցումը մերժվել է. Գոռ Աբրահամյան

99 համարի երթուղու վթարի հարցով քրգործի հարուցումը մերժվել է. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկատի ունենալով հասարակական հետաքրքրությունը եւ հանրային տրանսպորտի ուղեւորափոխադրումների անվտանգության կարեւորությունը՝ պետք է տեղեկացնեմ հետեւյալը.

Այս տարվա փետրվարի 5-ին Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի եւ թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի հետեւանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթեւ, կամ թեթեւի հատկանիշներ չպարունակող, այսինքն քրեաիրավական հետեւանքեր չեն առաջացրել։

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, սակայն, որ երթուղի իրականացնող միկրոավտոբուսի վարորդը դեպքի պահին ավտոմեքենան վարել է ալկոհոլային հարբածության վիճակում։

Բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականի ժամկետը 04․12․2019թ․լրացած է եղել եւ օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։ Այսինքն հաստատվել է, որ հանրային տրանսպորտային միջոց վարող անձը տվյալ պահին չի ունեցել վավեր վարորդական իրավունքի վկայական, հետեւաբար նաեւ այդպիսի իրավունք, բացի այդ՝ մեծ թվով անձանց հանրային տրանսպորտով տեղափոխել է ալկոհոլային ծանր հարբածության վիճակում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Այս փաստերի կապակցությամբ արդեն ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կլուծվի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Սակայն այն հանգամանքը, որ երթուղային տաքսի վարող անձը վարորդական իրավունքի վավեր վկայական չի ունեցել, առերեւույթ վկայում է նաեւ երթուղին սպասարկող կազմակերպության ծառայողների կամ վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման մեջ թերանալու, ոչ պատշաճ կատարելու մասին։Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հանցագործության պատճառների եւ նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու դատախազական լիազորության շրջանակում Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Միջնորդագրով բարձրացվել է տրանսպորտային սպասարկման ոլորտում վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից համապատասխան մեխանիզմներն առավել արդյունավետ եւ հետեւողական գործադրելու, վարորդական իրավունքի վկայական չունեցող, դրա գործողության կասեցված կամ ժամկետը լրացած անձանց կողմից հանրային տրանսպորտի շահագործումը, ինչպես նաեւ ոչ սթափ վիճակում այն վարելը, երթուղի իրականացնելու դեպքերը բացառելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու եւ իրականացված միջոցառումների արդյունքների մասին Երեւան քաղաքի դատախազությանը հայտնելու խնդիրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ