02 03 2020

Սուրեն Պապիկյանի հաղորդման հիման վրա մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Սուրեն Պապիկյանի հաղորդման հիման վրա մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի

Անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Ըստ առաջադրված մեղադրանքի` վերջինս առանց ծառայողական անհրաժեշտության, օրենքով սահմանված նպատակի և այլ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում, 2020 թվականի հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Հիշյալ աշխատակիցը ԱԱԾ ստորաբաժանման պետի պահանջով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացել և վերջինիս է փոխանցել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի մանրամասն տեղեկություններ դատվածության, դատավճռով նշանակված պատժաչափի և այլ հանգամանքների վերաբերյալ:

Այդ կերպ ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել Սուրեն Պապիկյանի իրավունքներին և օրինական շահերին:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ