25 02 2020

Աննա Դանիբեկյանը մեկ շաբաթով մտավ խորհրդակցական սենյակ

Աննա Դանիբեկյանը մեկ շաբաթով մտավ խորհրդակցական սենյակ

Դատարանն ավարտեց Ռ․ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։

Ամփոփիչ ելույթում պաշտպան Հայկ Ալումյանը կրկին օրինակ բերեց հայտնի 7-ի գործը։ Դիմելով դատարանին՝ նա ասաց․ «Խնդրում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք սույն գործով ամբաստանյալների նկատմամբ օրենքը կիրառել այնպես, ինչպես Փաշինյանի նկատամբ կիրառվեց Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք»։

Պաշտպանական կողմն ընդգծեց, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։

Հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդունվեց 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, արձագանքելով նիստի ընթացքում հնչած մի շարք ելույթների, հիշեցրեց, որ արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ իր կողմից ստորագրած հրամանագիրը տարածվում էր միայն Երևան քաղաքի վրա, հետևաբար, հրամագրով նախատեսված բոլոր սահմանափակումները գործում էին միայն Երևանում։ «Արդյո՞ք հնարավոր է հազարից ավել համայնքեր ունեցող երկրում միայն մեկ համայնքում եղած սահմանափակումները դիտել իբրև իրավական նորմի գործողության դադարեցում։

Ձեր տրամաբանությունը մեջ տեղ բերեք և ինքներդ արդեն ասեք՝ հնարավո՞ր է։ Կարծում եմ, պատասխանը պարզ է», - նշեց Ռ․ Քոչարյանը։Անդրադառնալով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ 2008 թվականին Ոստիկանությունը ենթարկվում էր երկրի նախագահին, Ռ․ Քոչարյանն ասաց․ «Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին։

Այն ժամանակ գործող Սահմանդրությամբ նախագահը այդպիսի լիազորություններ չուներ։ Ոստիկանությունն ամբողջությամբ ենթարկվում էր կառավարությանը։ Նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար՝ կապված հասարակական կարգի և այլնի հետ։ Դա ամբողջությամբ կառավարության լիազորությունների մեջ էր»։Լսելով կողմերի ամփոփիչ ելույթները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կամ ակտերը կհրապարակվեն մարտի 3-ին, ժամը 13։00-ին։

Նիստի մասին այլ մանրամասները՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ