News.am-ը գրում է․ «Հ1»-ի լրատվության մեջ անմեղության կանխավավարկածի խախտում կա, իսկ վարչապետի գրառման պարագայում պետք է նշել, որ պաշտոնական անձինք պետք է զսպվածություն ցուցաբերեն, երբ հրապարակայնորեն մեկնաբանում են ընթացքի մեջ գտնվող քրեական գործ, որովետեւ անկախ այն բանից, դա ազդել է գործի վրա, թե ոչ, դատավարության մասնակցության տպավորությունը արդեն իսկ բավարար է լեգիտիմ պահանջ բարձրացնելու, որ դատարանը կամ վարույթն իրականացնող մարմինը անկախ չեն կամ տվյալ անձը անաչառ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրով հեռարձակված Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի մասին ռեպորտաժին։
«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ հունվարի 29-ին Հանրայինով ցուցադրված տեսանյութում բացակայում են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ենթադրաբար», կամ անմեղության կանխավարկածը հարգող որոշակի տոնայնությունը.
«Մտքերն այդպես կարգավորելու, սահմանափակ ինֆորմացիա տրամադրելու մտայնություն չտեսա, մանավանդ հաշվի առնելով, որ գործը դեռ նախաքննության փուլում է։ Ընթացակարգային իրավունքները գոյություն ունեն անկախ արդյունքից, այսինքն որեւէ մեկը չի պահանջելու ապացուցել, որ իսկապես այս լրատվությունը կամ վարչապետ Փաշինյանի խոսքերն ունեցել են ադեցություն։ Դժվար է նույնիսկ չափել այդ ազդեցությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դատավարության ընթացքում դատավորները որեւէ անզգույշ արտահայտություն են անում եւ այդ դեպքում կարելի է բարձրացնել սուբյեկտիվ կանխակալության հարց», ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ վարչապետի գրառումը քրեաիրավական որակման հետ կարծես թե կապ չունի. «Դա բարձրացնում է մի հիմնարար իրավունքի մասին հարց, որ, ամենայն հավանականությամբ, այս քրեական գործով կա արտաքին ազդակ, որը մենք սովորաբար ասում ենք դատարանների նկատմամբ։ Երբ ապացուցվում է, որ դատարանները գտնվել են արտաքին ազդակի տակ կամ առկա է միջամտություն, բարձրանում է անկախ դատարանի կամ անաչառ դատավորի իրավունքների խախտման մասին հարց։ Ռեպորտաժը դիտեցի, զարմացա, որովհետեւ լրագրողներին, կարծես, որեւէ տեղ նման բան չեն սովորեցում։ Երկար տարիներ դասավանդել եմ դատախազներին, դատավորներին, քններիչներին եւ ոչ մի անգամ նրանց նման բան չեմ սովորեցրել, ընդհակառակը՝ միշտ էլ ասել եմ, որ այդպիսի ռեպորտաժները անմեղության կանխավարկածի խախտում են։ Նման ռեպորտաժ հեռարձակել, այն էլ նախաքննության փուլում գտնվող քրգործի մանրամասներով... Հարց է ծագում՝ ինչպես են այդ նյութերը ստացել։ Իհարկե կարելի է ասել՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով դիմել ենք եւ ստացել ենք, այդ դեպքում հարց է առաջանում, թե ուր մնաց նախաքննական գաղտնիքը, քննիչներն ինչո՞ւ են այս փաթեթը տրամադրել լրատվամիջոցին։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու, դա բնական իրավունք է, բայց դատավարության մասնակիցներն էլ իրավունք ունեն նաեւ որոշել, թե որքան ինֆորմացիա տրամադրեն։ Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի, որ նման մանրամասնությամբ նախաքննության փուլում ինֆորմացիա է դուրս գնում»։
Արա Ղազարյանի խոսքով՝ իր համար երկրորդական է՝ պատվիրված է ռեպորտաժը, թե ոչ. «Դա կարելի է փորձել քաղաքական հարաբերությունների դաշտում պարզել։ Իրավաբանորեն դա բարձրացնում է հնարավոր թիրախավորման հարց եւ դա տեղավորվում է այն կոնտեքստում, որ գործադիրն այսօր թիրախավորել է ՍԴ-ն, եւ ՍԴ դատավորների, մասնավորապես Հրայր Թովմասյանի վերաբերյալ քաղաքական անհանդուրժողականության մտքեր են անընդհատ հնչում զուտ այն բանի համար, որ նա նախկին իշխանության կողմից է ընտրվել։ Բայց մենք չունենք նման օրենք, որ դատավորի լիազորությունները պիտի դադարեցվեն նման հիմքով։ Նշանակում է՝ օրենքի դաշտից դուրս ենք գնում։ Դատավորի պիտանելիության վերաբերյալ կան բազմաթիվ չափորոշիչներ, որոնցից մեկը, դատական նոր օրենսգրքով, նաեւ հանրային գնահատականներն են։ Սրան գումարվում է նաեւ դատավորի անփոփոխելիությունը, որը Սահմանադրական կարգի հիմունք է»։
Իրավաբանը չի կարող ասել, թե այդ ռեպորտաժը որքանով կազդի այդ քրեական գործով դատավարության ընթացքի վրա. «Բայց ինձ համար արդեն կարեւոր չէ այդ ազդեցությունը չափելը, քանի որ անկախ նրանից, կունենա ազդեցություն, թե ոչ, կարելի է արձանագրել, որ ռեպորտաժը ինքնին եւ վարչապետի հայտարարությունը հստակ խախտում են, միջամտություն քրեական գործով նախաքննությանը»։
Արա Ղազարյանը հիշեցրեց, որ ժամանակին շատ էր քննադատվում «02» հաղորդումը, որն, ըստ նրա, մասսայաբար խախտում էր անձանց դատավարական իրավունքները, սկսած այն բանից, որ ցուցադրվում էր նրանց դեմքը հենց ձերբակալության պահին.
«Այդ պրակտիկային մենք, կարծես թե, հրաժեշտ էինք տվել, բայց հիմա չասեմ, թե վերադառնում ենք այդ գործելաոճին, բայց դա ինձ հիշեցրեց մոտ 10 տարի առաջվա պրակտիկան, երբ ամենայն մանրամասնությամբ քրեական գործը պատմում էին եւ ներկայացնում էին մեղադրական ոճով։ Շատ դասընթացներ եմ կազմակերպել հենց այս թեմայով, այդ ռեպորտաժն էլ կընդգրկեմ, որպեսզի ցույց տամ, թե ինչպես կարելի է խախտել անմեղության կանխավարկածը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը