Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Ողջունելով Ռուբեն Վարդազարյանին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված զորավիգ լինի նրան եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշեց, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար եւ ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, եւ այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարեւոր դերակատարությունն ունի:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծեց, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, կարեւորեց այդ առումով գործակցությունը: Պրն. Վարդազարյանը նաեւ Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների եւ անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարեւորությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը