27 01 2020

Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան

Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Առանձին և՛ իրավական, և՛ քաղաքական անդրադարձի հարցեր են վարչապետի գրառումներում տրված որակումները, բայց նաև, դրանցից բխում է, որ վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը համաձայն որի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է ընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տան, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ:

Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերն իր արժեքով գերազանցում է 75 000 ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Ամեն դեպքում, ցանակալի կլիներ, որ երկրի ճակատագրի համար պատասխանատու պաշտոնատար անձն իր գնահատականների և որակումների մեջ ավելի ազնիվ, պատասխանատու և հավասարակշռված լիներ:

Ստորև ներկայացված է բավականին ճոխ նկարագրված «նվերի ընծայման» տեսանյութը, որը, ըստ նկարագրության, երկար դիալոգի արդյունք է եղել:

Ակնհայտ է, որ այդ նկարագրությունն այնքան էլ հավաստի չէ. վայրկյանի ընթացքում պարոն Թովմասյանն իր գրիչը մեկնում է պարոն Փաշինյանին, ում գրիչը ընկել էր հատակին և չէր կարողանում բարձրացնել:

Իհարկե, ցանկացած բարեկիրթ անձնավորություն անգամ մեխանիկորեն այդպես կվարվեր, այլ խնդիր է՝ նմանաբնույթ իրավիճակի մանիպուլյատիվ շահարկումը»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ