17 01 2020

«Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է․ Էլինար Վարդանյան

«Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է․ Էլինար Վարդանյան

Դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ շարունակ չէր փոխվում։ Նրան այդ վիճակով տանում էին դատարան, ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։

Հավանաբար իշխանությունները հասկացան, որ հաշվեհարդար հիշեցնող այս մոտեցման պատճառով կարող են ունենալ «Նոր» Հայաստանի առաջին զոհը, որ վերակենդանացման բաժնում գտնվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը թողնելը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, որի համար ողջ պատասխանատվությունը կրելու է հենց իշխանությունը։

Խափանման միջոցի փոփոխությունը ի ցույց դրեց նաև երկրի իրավական համակարգի լուրջ խնդիրները։ Կալանքը չփոխվեց պաշտպանների միջնորդությամբ, թեև փաստաբանների կողմից նախկինում այդպիսի բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացվել։ Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ հերթական անգամ հանդես գալով որպես մեղադրող կողմի միջնորդությունը դակող։

Մեկ ու կես տարի շարունակվող մարդու իրավունքների այս բացահայտ խախտումը չտեսնելու էին տալիս իրավապաշտպաններից շատերը։ Նրանք նույնքան համառորեն չեն արձանագրում մնացյալ քրեական գործերի հետ կապված խախտումները, չեն արձանագրում, որ «Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, խախտվում են մարդկանց իրավունքները, իսկ դատական վերջնական ակտ դեռ ոչ մի գործով չի կայացվում։

Իսկ այդպիսի գործերը բազմաթիվ են, և դատելով ՀՔԾ և ՔԿ հաղորդագրություններից այս շարքը դեռ ավելանալու է։ Բայց այս անվերջ ձգձգվող և ոչ մի կերպ չհիմնավորվող գործերն առնչվում են մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն երկրի կայացման և զարգացման գործում, մեծ ներդրում են ունեցել իրենց վստահված ոլորտում՝ Սերյան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գևորգյան, Արա Բաբլոյան... այս շարքը կարելի է շարունակել։

Ո՞րն է նրանց ազատ տեղաշարժի սահմանափակման իմաստը։ Ի վերջո նրանք բազմաթիվ գործեր և լուրջ կապեր ունեցող մարդիկ են, և այդ ներուժը կարող է իր նպաստն ունենանալ երկրի զարգացման համար։ Մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը համառորեն մերժում է Արա Բաբլոյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը, թեև վստահ եմ , որ իրենք էլ գիտեն, որ Բաբլոյանն ավելի շատ կյանք է փրկել և փրկում, քան իրենք քրեական գործ են հարուցում։ Չի բացառվում նաև, որ այդ փրկվածներից շատերը հենց նաև իրենց շրջապատից են։

Ըստ ամենայնի այս գործերի քննությունը դեռ երկար կշարունակվի, քանի որ իրավապահ մարմիններից հսկայական ջանքեր է պահանջվելու դրանք ինչ-որ կերպ հիմնավորելու համար։ Թեև ակնհայտ է, որ վարույթն իրականացնողները այդպիսի ջանքերի վերաբերյալ բավականին լայն պատկերացում ունեն։

Առավել հաճախ կիրառվող մեխանիզմը անձի, նրա հետ ազգակցական կապ ունեցողների, ընդհուպ մինչև սանիկների նկատմամբ քրեական գործերի հարուցումն է։ Այս տրամաբանությամբ կալանավորված Նորայր Փանոսյանին, ով Հրայր Թովմասյանի սանիկն է, նախաքննության մարմինը ըստ էության առաջարկել է սուտ ցուցմունք տալ Թովմասյանի դեմ՝ կալանքից ազատվելու դիմաց։ Սա ռեպրեսիվ մեխանիզմի անթույլատրելի գործիք է, որից որևէ կերպ չեն հրաժարվում իրավապահ մարմինները, սա կալանքի սպառնալիքով մարդկանցից ցուցմունքներ կորզելու, մարդկանց պատժելու, կամքը կոտրելու անընդունելի միջոց է։ Սա իրավական ամենաթողության վտանգավոր ճանապարհ է, որը ցանակացած պահի կարող է դառնալ անկառավարելի, սահուն ու անսպասելի կերպով ընդգրկել մարդկանց, ովքեր կարծում են, որ այս ամենն իրենց հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Իսկ այդ պարագայում հույսեր կապել դատական համակարգի հետ անիմաստ է լինելու, քանի որ այն գնալով դառնում է ավելի ու ավելի կառավարելի։

Այդ դատական համակարգը, բացառությամբ առանձին դատավորների, արդեն մեկ ու կես տարի է ապացուցում է իր անկարողությունը։ Մարտի 1-ի գործը դրա վառ ապացույցն է, որտեղ տպավորություն է, որ դատավորը աշխատում է «չշտապել»՝ մինչև տեսնի, թե ինչ է լինում։ Դատարանը, ըստ ամենայնի չի կարողանում, կամ չի ուզում ապահովել դատավարության բնականոն ընթացքը, կարգը և հավասար մրցակցությունը ։

Պաշտպանների նկատմամբ հնչեցվում են սպառնալիքներ, իսկ դատավորը «տեղում չէ»։ Եթե դատը շարունակվի ընթանալ այս ընթացակարգով, ապա այն տևելու է առնվազն 4-5 տարի։ Կարծում եմ իմաստ չկա բացատրել, թե ինչ է նշանակում սա...

Քրեական գործերի այս մանիպուլյացիան, որ արվում է պոպուլիստական և հասարակության որոշ շերտերի հաճոյանալու նպատակով, իշխանությունների համար կարճատև էֆեկտ ունեցող քայլ է, որը սակայն երկարատև կտրվածքով շատ մեծ վտանգներ է պարունակում երկրի անվտանգության համար։ Չի կարելի այսպիսի էժան ճանապարհով ամբողջությամբ վարկաբեկել, հեղինակազրկել դատաիրավական համակարգը, այն շատ հեշտությամբ կարելի է քանդել, բայց կառուցելու համար մեծ ջանքեր են պահանջվելու։ Չի կարելի անվերջ կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Քրեական գործերի այս մանիպուլյացիան, որ արվում է պոպուլիստական և հասարակության որոշ շերտերի հաճոյանալու նպատակով, իշխանությունների համար կարճատև էֆեկտ ունեցող քայլ է, որը սակայն երկարատև կտրվածքով շատ մեծ վտանգներ է պարունակում երկրի անվտանգության համար։ Չի կարելի այսպիսի էժան ճանապարհով ամբողջությամբ վարկաբեկել, հեղինակազրկել դատաիրավական համակարգը, այն շատ հեշտությամբ կարելի է քանդել, բայց կառուցելու համար մեծ ջանքեր են պահանջվելու։ Չի կարելի անվերջ կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ