16 01 2020

Նարեկ Մալյանին հարցաքննել են սպանության սպառնալիքի կասկածանքի շուրջ. Փաստինֆո

Նարեկ Մալյանին հարցաքննել են սպանության սպառնալիքի կասկածանքի շուրջ. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել սպանության սպառնալիքի գործով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանի դիմումի հիման վրա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Նարեկ Մալյանը՝ նշելով, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման արգելքով պայմանավորված, մանրամասներ հաղորդել չի կարող։

«Կարող եմ ասել, որ գործը սպանության սպառնալիքի հոդվածով է հարուցված։ Դիմող կողմը Լարա Ահարոնյանն է, ես էլ հարցաքննվել եմ կասկածյալի կարգավիճակով, այսինքն, վկայի, բայց ինձ պարզաբանվել է կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները։ Ես իրավունք եմ ունեցել ցուցմունք չտալու, որը սովորական վկան չունի»,-ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ չի հրաժարվել ցուցմունք տալ։

Նարեկ Մալյանը ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը և որևէ մեկի հասցեին սպանության սպառնալիք երբևէ չի հնչեցրել ։ «Ես Լարա Ահարոնյանին անձամբ երբեք չեմ տեսել։ Միանշանակ, սա իմ հանրային գործունեության դեմ ուղղված 100 –րդ ոտնձգությունն է, բայց, ոչ մի նոր բան, հերթական շառն է, որով սորոսականները փորձում են պատասխանատվության դաշտ բերել ինձ, ինչը մինչև այս պահը չի հաջողվել իրենց։ Ավելի ծանր հոդվածներով էլ են իմ մասով բողոքներ ներկայացվել՝ ինքնասպանության հասցնել.... ինչ ասես՝ չի եղել, քաղհայցեր կան, էլի բացառապես սորոսականների կողմից, հարձակում է տեղի ունեցել խուլիգանական խմբի կողմից։ Այդ ամենը կապված է բացառապես ի հանրային գործունեության հետ»։

Նարեկ Մալյանը չբացառեց, որպես մեղադրյալ ներգրավվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարցաքննվել է կասկածի շուրջ։ «Հնարավոր համարում եմ ամեն ինչ՝ կարող է կարգավիճակս փոխվի, կարող է մեղադրյալ դառնամ, կարող է ինձ կալանավորեն այդ գործով։ Հնարավոր է ամեն ինչ։ Ես ոչինչ չեմ բացառում»,-ասաց Նարեկ Մալյանը։

Ըստ նրա, նպատակը մեկն է՝ լռեցնել իրեն. «Որպեսզի դադարեցնեմ իմ խայտառակ բացահայտումները Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի մասին, իսկ դա երբեք տեղի չի ունենալու։ Դա տեղի կունենա միայն մի դեպքում, եթե ինձ բանտարկեն։ Այդ պահից սկսած ես կդադարեցնեմ իմ հանրային գործունեությունը, կգնամ, բանտում գիրք կգրեմ և դա կդառնա հասարակության խնդիրը, եթե այս հասարակությունում պետք է ազատության մեջ լինեն խուլիգանները, մարդասպանները, ահաբեկիչները, իսկ բանտում լինեմ ես, ապա դա, կներեք, հասարակության հիվանդության խնդիրն է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ