16 01 2020

Ընտանիքում բռնության դեպքերով ՄԻՊ-ին ուղղված բողոքները կրկնապատկվել են

Ընտանիքում բռնության դեպքերով ՄԻՊ-ին ուղղված բողոքները կրկնապատկվել են

Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։

Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։

Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումն ու դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարեւոր ուղղություններից է:

Բողոքների թվի աճը պայմանավորված է նաեւ անցյալ տարի Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման ծրագրով, որի շրջանակում #դեմեմբռնությանը կոչի ներքո նկարահանվել եւ հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երեւանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը եւ դիտել տեսաուղերձը։

Պատրաստվել են նաեւ ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ ուղեցույցներ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով, բրալյան գրով, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար առանձին ձեռնարկ, որի մեթոդաբանությունը կիրառվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ զրույցների ժամանակ։

Քաղաքացիների համար նախատեսված ուղեցույցները տարածվել են մարզերում։

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների մեծ մասի դեպքում տրվել է խորհրդատվություն եւ ուղղորդում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ