15 01 2020

Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ ծանր. ՄԻՊ

Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ ծանր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ։ Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, եւ այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:

Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանին այցելել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատուն եւ տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ:

Մանվել Գրիգորյանը ներկայում գտնվում է բժշկական հսկողության ներքո եւ ստանում դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի հունիսի 7-ի հայտարարությամբ հետո, երբ հաղորդագրությունից նշվել էր, որ ՔԿՀ-ում պայմանները չեն բավարարում Մ.Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու եւ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Մանվել Գրիգորյանի՝ ազատությունից զրկման վայրում ու քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազմը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները ողջ ծավալով:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայում գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական վարույթին միջամտություն, իսկ Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եւ իրավունքների հետ կապված հարցերը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ