07 01 2020

Հանցակազմը և հոդվածը հստակ չեն․ Արա Ղազարյանը՝ «ֆեյքի» գործի մասին․ Փաստինֆո

Հանցակազմը և հոդվածը հստակ չեն․ Արա Ղազարյանը՝ «ֆեյքի» գործի մասին․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Ցավալի է, բայց դա ինձ հիշեցրեց, թե ինչպես էր Մանվել Սարիբեկյանը կարդում իր առջեւ դրված տեքստը Ադրբեջանի բանտում։ Առաջին բանը , որ մտքովս անցավ, դա էր։ Սովորաբար, երբ մարդը տարվում է Ոստիկանություն կամ ԱԱԾ, նա շոկի մեջ է եւ չի կարող այդպես վարժ, հանգավորումներով տեքստ կարդալ»,- «Փաստինֆո»-ին հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջը վերաբերող քրեական գործին։

Մասնագետը իրավական տեսանկյունից խնդրահարույց է համարում այս գործը, քանի որ առհասարակ հստակ չէ հանցակազմի առկայությունը եւ հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել։ «Առաջի հերթին բոլորը մտածում են, թե Քրեական օրենսգրքի ո՞ր նորմի շրջանակում կարող է ձեւավորվել կասկած, որ նա կատարել է հանցագործություն։ Ի վերջո, դա նաեւ արտահայտվելու ազատություն է, ենթադրենք մարդը սխալվել է, սխալ բան է գրել, որից օգտվել են ինչ-որ ուժեր դրսից, բայց այստեղ կա դիտավորության սուբյեկտիվ հատկանիշը , հանցագործության օբյեկտիվ հատկանիշները՝ քրեական նորմը, որը պետք է հստակ, առանց երկիմաստությունների ամրագրված լինի»,-ասաց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, թե սա «այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։ Իսկ հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, թե պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։ ԱԱԾ-ը չի հայտնում, թե որ հոդվածով է քրեական գործ հարուցվել։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.«Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է»։

Այս քրեական գործը մասնագետին հիշեցրել է շուրջ տասը տարի առաջ հարուցված մի քրեական գործ, երբ մի քաղաքացի Վերնիսաժում ադրբեջանցիներից գնված գրքեր էր վաճառում. «Հարուցեցին քրեական գործ, հետո գործը կարճեցին՝ հասկանալով, որ այնտեղ հանցակազմ չկա։ Այս դեպքում էլ, նույնիսկ, եթե երիտասարդը վատ բան է արել, այդ վատ բանը պետք է հստակորեն սահմանված լինի քրեական օրենսգրքում, հիմա այս պահի դրությամբ դեռ անհստակություն է։ Հասկանալի է, որ նա արել է հիմարություն՝ կեղծ տեղեկություն է տարածել, բայց դա հանցագործությո՞ւն է, թե ոչ, հստակորեն պետք է սահմանված լինի քրեական օրենսգրքով։ Քրեական օրենսգիրքը չի կարելի ռեզինի նման ձգել »։

Արա Ղազարյանը շեշտեց՝ Քրեական օրենսգրքում որեւէ հոդված չկա, որն այդ արարքը դարձնում է հանցավոր արարք.«Հանցակազմ չկա, եթե հոդվածներից որեւէ մեկը, ասենք 226-րդ հոդվածը (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,-խմբ.) լայնորեն չկիրառվի, իսկ Քրեական օրենսգիրքը լայնորեն կիրառելն արգելվում է։ Լուրջ պրոբլեմ է այս գործը, ես կարծում եմ, որ նա հանցագործություն չի կատարել»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե «սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար», Ղազարյանն ասաց՝ գուցե վարչապետը ցանկացել է նշել, որ դա ապօրինի խոսք է, որն իսկապես այդպես է, բայց, ըստ փաստաբանի, հանցակազմը պետք է հստակ լինի։ «Մի բան, որ կեղծ է՝ ապօրինի խոսք է կամ խոսքի ազատության չարաշահում, համաձայն ենք, բայց դա պետք է հանգեցնի քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական պատասխանատվության։ Օրենքը սա հստակ պետք է սահմանի , որ քաղաքացու համար կանխատեսելի լինի եւ հաջորդ անգամ նման բան անելուց առաջ, քաղաքացին մտածի՝ կարո՞ղ է ենթարկվել պատասխանատվության, թե ոչ։ Քրեական օրենսգիրքը չի կարող անկանխատեսելի կերպով, անալոգիայով կիրառվել, եթե կանխատեսելի չէ, արդեն լուրջ խնդիր է»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով. «Վարչապետը կարող է գրել, բայց որոշում կայացնողը ՝ քրեական գործ հարուցվի, թե ոչ, քննիչն է, վարույթն իրականացնող մարմինն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ