05 01 2020

ԱԺ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել գոյություն չունեցող նախագիծ․ Արսեն Բաբայան

ԱԺ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել գոյություն չունեցող նախագիծ․ Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՍԴ դատավորներին կաշառք առաջարկելու չընդունված օրենքի մասին կամ դեսերտի պաղպաղակը

Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին հայտնի օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ-ին և այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ:

Պատգամավոր Ս.Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել և հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձևակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ), կամ որպես նոր փոփոխություն կամ լրացում (6-րդ ենթակետ): Այդ բանավոր առաջարկները որևէ հստակ ձևակերպում չեն ունեցել:

Եթե անգամ ընդունում ենք, որ այդ առաջարկություններն արվել են նախագծի որևէ մաս նոր խմբագրությամբ շարադրելու տեսքով, ապա դրանք վերաբերվել են բացառապես Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածում ավելացվող նոր 4.1-ին մասին (տես՝ ձայնագրությունը), այնինչ 3.12.2019թ-ին կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «լրամշակված» տարբերակում փոփոխություն է կատարվել նաև նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ ավելացված է նոր 2-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում»:

Այդ լրացումը կատարվել է ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի (այսուհետ` Կանոնակարգ) խախտմամբ և չէր կարող տեղ գտնել նախագծում, քանի որ այն կարող էր արվել միայն հանձնաժողովում համապատասխան առաջարկության և դրա ընդունման պարագայում:

Բացի այդ, Կառավարությունն իրավունք չուներ Ազգային ժողով ներկայացնել «լրամշակված» նախագիծ, քանի որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը նման նախագիծ կարող է ներկայացնել բացառապես Կանոնակարգի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, ինչն այս նախագծի քննարկման ժամանակ տեղի չի ունեցել:

Փնթիությունն այսքանով չի ավարտվում: Ազգային ժողովի խորհուրդն իր 02.12.2019թ. նիստում Ազգային ժողովի՝ «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել մի նախագիծ, որն այլևս գոյություն չի ունեցել ( տես՝ այստեղ):

Ինչպես արդեն ասացի` սա ընդամենը դեսերտի (տես` այստեղ) հետ տրվող պաղպաղակն էր:

Դեռ ինչեր են սպասվում...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ