27 12 2019

Այն Հրայր Թովմասյանին, որին դուք ճանաչում եք, ոչինչ չի կասեցնելու․ Հրայր Թովմասյան



«Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի»,- ՀՔԾ քննիչի գնալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Մանրամասնեց, որ այդ x, y, z քայլերը հրաժարական տալն էր։ Ասաց, որ քրեական օրենսգրքի 308-ի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելն իր կյանքում ոչինչ չի փոխել ու ոչ էլ կարող է փոխել։ «Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ, և ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ, այլ քաղաքական պրոցեսների մեջ է։ Այս առումով մենք բաժանվեցինք, ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց»։

«Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո․ այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության մասին կոչեր և դրանց դրսևորումներ։ Բայց այս ժամանակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է աառանց որևէ խոչընդոտի և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լնելու մեր իրավական հմակարգի հետագայի համար։

Կարծում եմ՝ շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին։ Նրանք ուժեղ մարդիկ են, հայրենասեր մարդիկ են, նվիրյալներ են և եթե խաղաղ ժամանակներում հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են։ Ես նրանց անուններն էլ չեմ վարանի ասել․ դա Ալվինա Գյուլումյանն է, Արևիկ Պետրոսյանն է, Հրանտ Նազարյանն է, Ֆելիքս Թոխայնն է, Արայիկ Թունյանն է, Արման Դիլանյանն է»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Հարցին, թե Վահե Գրիգորյանի անունը մոռացավ, պատասխանեց, որ Վահե Գրիգորյանն այդ ցուցակի մեջ չիմտնում։

«Այս առումով նրանք իրականում հերոսներ են, և եթե որևէ մեկը մտածում է, թե այս մարդիկ կարող են կաշառք անվանումը ստացած օրենքով գայթակղվել ու գնալ, ապա շատ ու շատ վատ են ճանաչում։ ՍԴ իմ թվարկած դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու և որևէ մեկը թող չմտածի, թե անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բհերելու են և մատուցելու են իրենց։

Այսօր պայքար չէ իրենց աթոռի համար։ Հակառակն է, պայքար է, թե վաղն ինչպիսի դատական իշխանություն ենք ունենալու, և այդ մարդկանց համար, ստանալ անաշխատ եկամուտ․․․ իմ կարծիքով, դա իրենք չեն։ Իրենք չեն կարող նայել, թե ինչպես կա քանդված փողոց, շենք, բայց իրենք տունը նստած ստանում են այդ աշխատավարձը»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ դա իրենց հետ չի քննարկել։

«Ուզում եմ վստահեցնել, որ այն Հրայր Թովմասյանին, որին դուք ճանաչում եք, ոչինչ չի կասեցնելու և իմ թվարկած դատավորներին էլ ոչինչ չի կասեցնելու վաղվա դատական իշխանությւնը, վաղվա երկիրը կերտելու համար»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ